Հայաստանը 100 000 բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքում է: Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ SPACE զեկույցի համաձայն՝ Հայաստանն ամրապնդում է նախորդ վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում դրանց կայունությունը։ Զեկույցն ամփոփում է կոնկրետ ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում տիրող դրությունը՝ ձեռքբերումներից մինչև ձախողումներ: Հայաստանի ձեռքբերումները մի քանի ուղղությամբ են: Մեր երկրում՝ ԵԽ այլ երկրների համեմատ, կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում:
Եթե 2018 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 3536 մարդ, 2019-ին՝ 2266, 2020 թվականին այդ թիվը նվազել է՝ հասնելով 2221-ի:
Մասնագետները համեմատական են տարել 2010 և 2020 թվականների միջև: Արդյունքում պարզվել է՝ 10 տարվա կտրվածքով Հայաստանն արձանագրել է, այսպես կոչված, «բանտային բնակչության» թվի 50.4 % կրճատում. Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրության աղյուսակում Հայաստանի ցուցանիշը երկրորդ լավագույն արդյունքն է: Հայաստանը 100 000 բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով համեմատելի է Գերմանիայի, Դանիայի, Սլովենիայի, Շվեդիայի հետ:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև բանտարկված կանանց։ Հայաստանում 2020 թվականին կին բանտարկյալների քանակը եղել է 3.1 % ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։
100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ մեր երկիրը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 41.5 %: Ի դեպ՝ կրկին մոտ երկու անգամ ցածր եվրոպական միջինից:
Հեղինակավոր զեկույցում վիճակագրական տվյալները ներկայացված են 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ֆեյսբուքի իր էջում անդարադառնալով Հայաստանի գրանցած առաջընթացին, վստահւթյուն է հայտնել, որ 2020 թվականի տարեվերջին Հայաստանի արձանագրումները թույլ են տալիս նախանշելու՝ հաջորդ տարվա վիճակագրությամբ մեր երկիրը կրկին առաջընթաց է գրանցելու: