10 միլիոն ծառ ծրագրի առաջին քայլը՝ առաջին ծառը Շրջակա միջավայրի նախարարն է տնկում՝ տնկարանում և ոչ պատահական: Բարեգործական տնկարանը հիմնվել է 94-ին՝ նպատակ ունենալով վերականգնել անտառները: Վերջին 25 տարում հիմնադրամը Հայաստանի և Արցախի 1300 տեղամասում տնկել է ավելի քան 6 մլն 500 հազար ծառ, ստեղծել մի քանի հարյուր աշխատատեղ:
Արթուր Հարությունյան, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող - Տնկիները տնկում ենք հանրային տարածքներում՝ դպրոցներ, մանկապարտեզ, եկեղեցի, զորամաս, բոլոր հանրային տարածքներում:
Ծառերն աճեցնում են Կարինի, Մարգահովտի, Խաչպարի տնկարաններում: Պտղատու ծառերի քանակն ավելացնելու համար էլ Չվայում ստեղծել են առանձին տնկարան: Անտառների համար հիմնականում աճեցնում են կաղնի և սոճի:
Արթուր Հարությունյան - Այս տարի Հայաստանի ամբողջ տարածքում պատրաստվում ենք 50-60 հազար տնկի տնկել, 100 հա ավել տնկում ենք իրականացնելու Շիրակում, և աշնանը Վայոց Ձորում՝ 85 հազար ծառ:
Անտառպահպանությունը ճիշտ կազմակերպելու համար ամռանը կստեղծվի նոր՝ անտառային ծառայություն: Մասնագետը ցավով է նշում՝ քաղաքացիներն անտառը համարում են եկամտի աղբյուր, շատ են մասսայական ծառահատումները՝ հատկապես Լոռիում ու Տավուշում:
Արթուր Պետրոսյան, Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար - Քարտեզագրման հիման վրա կունենանք պլաններ, ամբողջ անտառները կգույքագրվեն:
Շրջակա միջավայրի նախարարը վստահ է, որ 10 միլիոն ծառ տնկելու դեպքում կվերականգնեն նաև անտառների նոսրացած հատվածները: Այս շաբաթ՝ 1000 ծառ Արագածոտնում, հաջորդ շաբաթ՝ 10 հազար ծառ Գեղարքունիքում, ապրիլի 25-ին էլ համապետական ծառատունկի ընթացքում հանրապետությունում 100 հազար շիվ կտնկվի:
Ռոմանոս Պետրոսյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարար - 1000 ծառ, 10 հազար ծառ, 100 հազար ծառ պրոգրեսիայով հասցնելու ենք արդեն աշնանը՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության օրը շատ մեծ համապետական ծառատունկ իրականացնելուն:
Այս տարի գրեթե կտասնապատկվեն Հայանտառի տնկարանները: Այս պահին կա 10 հա անտառային տնկարան, բայց 3-4 հա է օգտագործվում:
Ռոմանոս Պետրոսյան - 100 հազար տնկի Հայանտառը կնվիրաբերի Արցախի անտառին, Արցախում տնկելու ենք շուրջ 30 հա անտառ, մինչև մայիսի վերջ նպատակ ունենք Հայաստանում տնկելու 1 մլն ծառ:
10 մլն ծառի առաջին հազար տնկին արդեն տնկվել է Ապարանի ջրամբարի վերին լանջին: Նպատակն անփոփոխ է՝ կրկնապատկել Հայաստանի անտառները մինչև 2050 թվականը: