Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։
Օպերատիվ տվյալների համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերություն լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել են առանց լիցենզիայի և հարկեր չեն վճարել:
Ստացված տվյալներն իրացնելու նպատակով վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերություններն առանց համապատասխան լիցենզիայի ՀՀ տարածքից կազմակերպում են ինտերնետ շահումով խաղերի օնլայն հեռարձակումներ։ Խաղերին մասնակցողները, ձեռք բերելով համապատասխան ծածկագրեր պարունակող քարտեր, ինտերնետային կայքի միջոցով մուտք են գործում խաղային հաշիվներ և մասնակցում ինտերնետ շահումով խաղերին՝ խաղալով ընկերությունների խաղավարների հետ։
Ընկերությունները հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում պակաս են հայտարարագրել խաղավարներին վճարված աշխատավարձերը: Արդյունքում նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 24 մլն դրամի վնաս, իսկ լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու արդյունքում՝ 600 մլն դրամի վնաս:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված սարքեր՝ տեսախցիկներ, համակարգիչներ, հեռարձակող սարքեր: Առգրավվել են ընկերությունների կողմից վճարված փաստացի աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր:
Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում` հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։ Գործը փոխանցվել է ՊԵԿ քննչական վարչություն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կազմակերպել բացառապես լիզենզիայի առկայության պայմաններում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։