Տավուշի մարզում մեկնարկել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հերթական պիլոտայինը`«Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագիրը: Մեր կերակրացանկի թիվ մեկ` ամենաշատ սպառվող հացի ու հացամթերքի այս առողջ ու սննդարար այլընտրանքը շուկայում չես գտնի, չնայած մեծ պահանջարկին: Ծրագիրն աջակցում է, որ այն հասանելի դառնա` ապահովելով հասկից մինչև հաց շղթան: Ամեն նոր լավ՝ մոռացված հինն է կամ, ինչպես ասում են գործի մասնագետները, վերադարձ` ճիշտ հացին, ինչպիսին թխում էին մեր նախնիները:
Լիլիթ Խաչատրյան, «Էրա» ընկերության հիմնադիր - Այս հացը պատրաստված է միայն թթխմորից, և բաղադրիչների մեջ են միայն ալյուր, ջուր, թթխմոր և աղ, ուրիշ ոչինչ չենք ավելացնում: Հում վիճակում այս խմորը կարող է պահպանվել մոտ 40 ժամ, նաև 3 օր: Թխելուց հետո այս հացերը չեն փչանում, մեկ ամիս չեն կորցնում իրենց համային հատկությունները:
Ծրագրի մի բաղադրիչն էլ Տավուշում մի քանի օր տևած ինտերակտիվ գործնական դասընթացներն էին, որին մասնակցում էին մարզի 30-ից ավելի համայնքերի հացագործները, դպրոցների խոհարարները, պարզապես առողջ սննդի ջատագովները:
Օլգա Արեֆևա, ծրագրի կազմակերպիչ, դասընթացավար - Ազգային փորձին վերադառնալու համար մարդկանց պետք է ցույց տալ, որ ամբողջահատիկն է մեր իսկական հայկականը: Հայի հացն ամբողջահատիկ հացն է, դա այն ալյուրն է, որն աղացած է ամբողջությամբ, չի զտվում, չի մաքրվում: Ցորենի հատիկի ամբողջ շերտերն օգտագործվում են և ամբողջոթյամբ պարունակում են վիտամիններ և սննդային արժեքներ, որոնք պետք է մարդն ստանա հացի հետ:
Դասընթացի մասնակիցները ոչ միայն ծանոթացան ամբողջահատիկ հացի թխման ամբողջ գործընթացին, այլև իրենց ձեռքով փորձեցին: Շատերը հիշեցին իրենց երկարակյաց և պինդ առողջությամբ տատ ու պապին:
Սիրան Պետրոսյան, Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի դպրոցի խոհարար - Օգտակար է մաքուր ցորենի ալյուրը: Մեր պապերը դա են կերել, որ 100 տարի ապրել են:
Փառանձեմ Նազինյան, Իջևանի 5-րդ հիմնական դպրոցի ուսուցչուհի - Ինքս հետաքրքրված եմ առողջ ապրելակերպով, կցանկանամ բոլորի ընտանիքներում այս ավանդույթը մտնի, ամբողջահատիկ ալյուրից օգտագործեն:
«Ամբողջահատիկ ցորենի արժեշղթան» սկսվում է այս կանաչ ծիլերից: Ծրագիրը մարզի գյուղացիներին տրամադրել է ցորենի բարձրորակ սերմացու և պարարտանյութ: Սարիգյուղում 44 հա ցանք է կատարվել:
Ըստ պայմանի՝ բերքի կեսը հողատերը կտնօրինի, մյուս կեսը շուկայական արժեքով կվաճառի ծրագրի աջակցությամբ մարզում կառուցվող ալրաղացին: