ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակին:
Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանը նշեց, որ Կառավարության հետ համաձայնության են եկել, և նախագիծը լրամշակվել է: Առաջարկվում է միջին մասնագիտական ծրագրով սովորող և պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին ևս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն տալ շարունակելու և ավարտելու ուսումը:
Տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին մեկ անգամ տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը, այսինքն՝ մինչև 20 տարին լրանալը ուսումնարաններում սովորողներին նույնպես հնարավորություն կտրվի ավարտել ուսումը և հետո մեկնել ծառայության:
Գործող օրենքով տարկետման իրավունքը տրվում է հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորողներին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի կարծիքով՝ տարկետումը պետք է վերականգնել, որպեսզի բանակում ունենանք բարձր կրթությամբ զինծառայողներ: «Դա վատագույն քայլն էր, որ արվել է նախորդ տարիներին»,- ասաց պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ կիսում է գործընկերոջ տեսակետը, որ տարկետումը վերացնելով՝ մեր ինտելեկտուալ կարողությունները պակասել են, և հորդորեց հանդես գալ փոփոխությունների առաջարկով: