Առանձնատան ընդարձակ սրահում գործը եռում է, մի տեղ ձևում, մի տեղ կարում են: Գարունը նոր գույներ է ավելացրել նորաբաց կարի արտադրամասում:
Բագրատ Հարությունյան (ընկերության հիմնադիր) - Այս պահին մենք արտադրում ենք գարնանային բաճկոններ և կիսաբաճկոններ, գույները մի քիչ ավելի ուրախ են, դիզայնի վրա մեծ աշխատանք կատարեցինք:
Բագրատը երկու տարի առաջ է Ռուսաստանից վերադարձել` ոչ միայն հարազատ Դիլիջանից ու հայրական տնից կարոտն առնելու, այլև այստեղ գործ սկսելու հաստատ որոշմամբ: Մեկ տարի առաջ հիմնեց կարի արտադրամաս: Փորձը կար, եղբոր հետ նույն գործը հաջողությամբ անում էր Ռուսաստանում: Ծրագրերը գուցե հավակնոտ են, բայց` իրագործելի՝ ասում է:
Բագրատ Հարությունյան - Մեր պլանների մեջ մտնում էր, որպեսզի Հայաստանում արտադրանքը նույնպես հասցնենք նման մակարդակի, շատ ենք ցանկանում այնքան արտադրանք արտադրենք, որ սկսենք արտահանումը ԵԱՏՄ երկրներ, առաջին հերթին՝ Ռուսաստան:
Համավարակն ու պատերազմը փոխեցին վեկտորը դեպի ներքին շուկա, սկսեցին մանկական սպորտային հագուստից:
Բագրատ Հարությունյան - Սկսեցինք փորձեր կատարել, աշխատել ներքին շուկայի վրա, փորձեցինք հասկանալ՝ ի՛նչ պահանջարկ կա, օրինակ՝ մենք միտք չունեինք բաճկոններ կարելու, ուղղակի սկսեցին հարցնել` դուք կարո՞ղ եք բաճկոններ կարել, հասկացանք, որ կարող ենք:
Ձեռնարկատերն ասում է՝ եթե համավարակը չխանգարեր, հիմա 8-ի փոխարեն կլիներ 20-30 աշխատատեղ, նաև փորձառու դերձակների պակաս կա: Արտադրամասի տեխնոլոգ Գայանեն իր 14 տարվա փորձով և՛ կարում է, և՛ սովորեցնում:
Գայանե Բեկչյան (կարի արտադրամասի տեխնիկ-տեխնոլոգ) - Բացատրում եմ բոլորին պրոցեսները, որը ինչ ա անելու, նոր ես նստում եմ իմ աշխատանքին:
Գայանե Անտինյանն էլ տարիներ առաջ աշխատել է Դիլիջանի կարի ֆաբրիկայում, ուրախ է, որ վերադարձել է կարի մեքենայի մոտ:
Գայանե Անտինյան (կարող բանվոր) - Իմ սիրած աշխատանքն ա, վերջապես ես իմ տեղը գտել եմ:
Ամենափորձառուն տիկին Ջեմման է` որդու օգնականը:
Ջեմմա Հարությունյան (Բագրատ Հարությունյանի մայրը) - Ես շատ ուրախ եմ, որ էսպիսի արտադրամասեր լինում են, զարգանում են, որ մեր ժողովուրդը կարողանա աշխատի, իր ընտանիքը պահի:
Պատրաստվում են նաև զբոսաշրջային սեզոնին, արդեն սկսել են կարել ամառային տեսականին` հովեկների համար: