ԱՄՆ Տեխաս նահանգի Բրայան քաղաքում կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս չորսը ծանր վիրավորվել են, հայտնում է ABCNews հեռուստաալիքը:
Կասկածյալին ձերբակալելիս վիրավորվել է նաև հասարակական անվտանգության վարչության սպան, նա գտնվում է ծանր, բայց կայուն վիճակում: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կահույքի գործարանի գրասենյակում:
Բրայանի ոստիկանությունը հայտնել է, որ հրաձիգը կալանքի տակ է, նա կահույքի արտադրամասի աշխատակից է:
ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ երկրում հրազենի կիրառմամբ բռնության գործողությունները դարձել են իսկական համաճարակ և միջազգային ամոթ: Նա կարևոր է համարել զենքի վաճառքի ոլորտում խիստ միջոցառումների կիրառումը: Նախագահը շեշտել է, որ իր վարչակազմի առաջարկը չի հակասում ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությանը՝ քաղաքացիների զենք պահելու և կրելու իրավունքին: ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ «զենքով կատարված բռնությունը երկրի վրա նստում է տարեկան 280 միլիարդ դոլար»: