Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով Ռուսաստանում են: Այսօր Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում է ունեցել Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Այնուհետև այցելել է Մոսկվայում գործող Լազարյանների անվան արևելյան լեզուների դպրոց:
Հանդիպման ընթացքում Ֆալկովը և Դումանյանը քննարկել են միջազգային գիտական աշխատանքի ոլորտում փոխգործակցության հեռանկարներն ու անդրադարձել գիտության և բարձրագույն կրթության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության առավել կարևոր հարցերին:
Վալերի Ֆալկովի հաստատմամբ՝ ռուսական կրթությունը Հայաստանում շարունակում է մնալ պահանջված։ Այժմ Ռուսաստանում բարձրագույն կրթություն են ստանում Հայաստանից ավելի քան 4 հազար ուսանողներ: Հայաստանում գործում է ռուսական բուհերի 6 մասնաճյուղ։ Վերջին երկու տարվա ընթացքում ռուսական 14 համալսարան Հայաստանից կրթական և գիտական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է 20 գիտական նախագիծ։ Ինչ վերաբերում է բարձրագույն կրթություն ստանալու քվոտաներին, ապա 2021/22 ուսումնական տարում նախատեսվում է հատկացնել 212 տեղ ՀՀ քաղաքացիների համար:
Շարունակվում է ակտիվ փոխգործակցությունն այնպիսի գիտական ուղղություններով, ինչպիսիք են միջուկային և միջդիսցիպլինար ֆիզիկան, տարրական մասնիկների ֆիզիկան և քվանտային տեսությունը, օպտիկան, աստղագիտությունն և աստղաֆիզիկան և այլ ոլորտներ: Դումանյանն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի հետ գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների պահպանման ռազմավարական կարևորության վրա: Նախարարները քննարկել են հայ-ռուսական համատեղ համալսարանի աշխատանքի հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային գիտական աշխատանքներում փոխգործակցության հեռանկարները: