2021 թվականին լրանում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի հիմնադիրն է բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզը:
100-ամյա թանգարանի հոբելյանի, անցած ճանապարհի, ծրագրերի, առաջիկա անելիքների մասին խոսել ենք թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ:
Թանգարանի հիմնական ուղերձը
Մշակութային խոշոր արժեքներ ամբարած Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը կատարել և կատարում է մի քանի հիմնական գործառույթներ, որոնք կազմում են նրա կենսագործունեության հայեցակարգը: Ամենահիմնականն ազգային մշակույթի գենոֆոնդի զգալի մասը կազմող արժեքների պահպանումն ու հնարավորինս անաղարտ փոխանցումն է հաջորդ սերունդներին:
Հոբելյանական տարվա միջոցառումներն ու ծրագրերը
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և մասնաճյուղերի ծրագրերն ու միջոցառումներն այս տարի անցկացվում են «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է» խորագրի ներքո:
Թանգարանի հոբելյանին նախապատրաստվում ենք դեռևս անցյալ տարվանից. արդեն իսկ մշակել ենք նախաձեռնությունների և միջոցառումների մի ամփոփ փաթեթ, որն անընդհատ համալրվում է: Ամեն օր աշխատանքային խմբի հետ քննարկվում են նաև նոր առաջարկությունները, դրանց արդյունավետությունը, իրականացման հնարավորությունները և առնչվող բազմաթիվ հարցեր: Կարևորելով գրականության և արվեստի այս ամենահարուստ շտեմարանի 100-ամյա հոբելյանը և պատկառելի ընթացքը՝ այն «օգտագործում» ենք հանրության շրջանում առավել մեծ հետաքրքրություն առաջացնելու մեր մշակութային ժառանգության ու այդ ասպարեզում նորագույն զարգացումների նկատմամբ: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ամեն առիթով փորձում ենք թանգարանի անցած ճանապարհն ու ընթացիկ աշխատանքները լայնամասշտաբ լուսաբանել, ինչը մեզանից մեծ ջանքեր չի պահանջում, քանի որ թանգարանի առանձնահատկություններով պայմանավորված՝ գրեթե ամենօրյա շփումներով համագործակցության մեջ ենք զանգվածային լրատվամիջոցների հետ:
Միջոցառումների մյուս հատվածով անդրադառնում ենք թանգարանի հուշանվերներին, գրենական պիտույքներին և հրատարակություններին:
Հոբելյանական տարվա միջոցառումների հիմնական շեշտադրումը կլինի աշնանը՝ առանցքում ունենալով հոբելյանական համերգն ու գիտաժողովը:
Նախատեսվում է համերգային ծրագիրն իրականացնել «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Առաջիկայում երաժիշտներից, խմբավարներից կազմված մասնագիտական խումբը կայցելի թանգարան՝ ուսումնասիրելու մեր երաժշտական ֆոնդերը, որն ահռելի մի գանձարան է: Հատկապես ուզում ենք առաջարկել հանիրավի անտեսված, մոռացված ստեղծագործողների գործերը, որոնք երբևէ չեն հնչել և չեն կատարվել: Այսպիսով, Ֆիլհարմոնիկի հետ համագործակցության արդյունքում, վստահ եմ, աշնանը կունենանք թանգարանի 100-ամյա հոբելյանին նվիրված մի հրաշալի համերգային ծրագիր: Զուգահեռ նախատեսում ենք 3-օրյա գիտաժողով, որտեղ կներկայացվեն զեկուցումներ՝ նվիրված գրականության և արվեստի ոլորտների ժառանգությանն ու ներկա ընթացքին:
Հրատարակման է պատրաստվում թանգարանի մասին պատմող պատկերագիրքը. առանձին կներկայացվեն գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի, կինոարվեստի բաժինները, մեր հավաքչական աշխատանքները, թանգարանի մասնաճյուղերը, տարբեր տարիներին թանգարանը ղեկավարած տնօրենների կենսագրությունն ու գիտական վաստակը, որոնք իրենց գիտական գործունեությամբ մեծ ներդրում ու ավանդ են ունեցել թանգարանի զարգացման գործում:
Տարվա հոբելյանները
Հոբելյանական միջոցառումներն ու ծրագրերը մեր գործունեության ուղղություններից են: Այս տարվա համար առանձնացվել են մի քանի անուններ. օրինակ՝ Միսաք Մեծարենցի ծննդյան 135-ամյակի առթիվ կկազմակերպվեն ժամանակավոր ցուցադրություն, ասմունքի և գրական-գեղարվեստական ցերեկույթ, կնշվեն անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանի և թատերական ռեժիսոր Իսահակ Ալիխանյանի 145-ամյակները, Արմեն Արմենյանի, Օլգա Մայսուրյանի, Հովհաննես Նալբանդյանի ծննդյան 150-ամյակները: Առաջիկա օրերին ցուցադրությամբ կնշենք Գրիգոր Զոհրապի 160-ամյակը, որին նախորդել է Շուշանիկ Կուրղինյանին նվիրված ցուցադրությունը: Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին, բնականաբար, արդեն անդրադարձներ ունեցել ենք, տարվա ընթացքում բաբաջանյանական արվեստին նորից կանդրադառնանք: Այս տարվա գլխավոր հոբելյաններից նշում ենք Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, որի պետական հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև թանգարանի ներկայացուցիչը: Հայտնի է, որ Սպենդիարյանի հարուստ արխիվը պահպանվում ու մշակվում է Գրականության և արվեստի թանգարանում: Հաշվի առնելով այս ամենը՝ թանգարանի միջոցառումները կլինեն տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ Սպենդիարյանի տուն- թանգարանի հետ ամուր համագործակցությամբ: