ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ գրում է Reuters-ը:
«Բոլորն այս բանակցությունները նկարագրում են որպես «կառուցողական» և գործարար: Դա ճիշտ է. մենք նույնպես այդպես կբնութագրեինք: Այնուամենայնիվ, ձգտում ենք թույլ չտալ, որ ակնկալիքներն առաջ անցնեն բանակցային գործընթացի այն կետից, որտեղ գտնվում ենք»,- ասել է պետքարտուղարության պաշտոնյան:
Իրանի և միջազգային «հնգյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) միասնական հանձնաժողովի մասնակիցները Վիեննայում կհանդիպեն ապրիլի 9-ին, որի ընթացքում կքննարկեն, մասնավորապես, ԱՄՆ-ի հնարավոր վերադարձը համաձայնագրին:
Միջուկային գործարքին մասնակցող երկրների հետ առանձին խորհրդակցություններ անցկացնելու համար Վիեննայում է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին: ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղղակի շփումներ չկան: