Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի համար հատկացվող պետական ֆինանսական միջոցներն ավելացվել են: Լրացուցիչ միջոցների շնորհիվ կարդիականացվի և՛ տեխնիկական բազան , և՛ նոր հետազոտություններ կանցկացվեն: Կառավարությունը մտադիր է հաջորդ տարի դարձյալ ավելացնել ոլորտի ֆինանսավորումը:
Թորգոմ Սեֆերյան, Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար - Այստեղ կան 70-ականներից առաջ ձեռք բերված սարքավորումներ, որոնք մինչև հիմա օգտագործում ենք: Ուլտրաձայնային գեներատորներ են՝ ռուսական արտադրության:
Կենսաքիմիայի ինստիտուտում չեն հիշում, թե վերջին անգամ երբ են իրենց սարքավորումները նորացրել: Որ գիտությունը զարգանա, գիտնականն էլ բացահայտումները ժանգոտած տեխնիկայով չանի, մտածելակերպը պետք է փոխել:
Թորգոմ Սեֆերյան - «Շարունակել այդպես՝ նպատակահարմար չէ, պետք է փոխվեն և՛ պահանջները, և՛ ֆինանսավորումը:
Իսկ ֆինանսավորումն արդեն կա: Կառավարությունը 2 մլրդ 784 մլն դրամի չափով ավելացրեց գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի համար հատկացված ֆինանսական միջոցները: Գումարի մի մասով ենթակառուցվածքները կարդիականացվեն, մյուս կեսով թեմատիկ գիտական հետազոտություններ կարվեն: Գիտության պետական կոմիտեի փոխտնօրենն արձանագրում է՝ ոլորտում տասնամյակներ շարունակ յուրաքանչյուր բարեփոխում նախաձեռնելիս իրենց գրպանին են նայել ու վերջում հրաժարվել:
Արթուր Մովսիսյան, ՀՀ գիտության պետական կոմիտեի փոխտնօրեն - Անցած տարի մեր սարքերի մրցույթի ժամանակ մի սարքավորում կար, որը 500.000 դոլար էր: Սարքը երկակի օգտագործման էր, կարող էր նաև օգտակար լինել ռազմարդյունաբերության հետազոտությունների համար և գիտական հետաքրքրությունների համար, այսինքն՝ հարցը դրվում է այդ սարքի կարևորությունը երկրի համար, գիտական համայնքի համար ինչ ձևի է, ոչ թե գինը:
Հիմա, եթե սարքը ձեռք բերելու հարցը պետության և գիտության համար կարևոր է. գնին չեն նայելու: Տարվա երկրորդ կեսին մրցույթ կհայտարարեն, գիտական բոլոր կառույցները կարող են ներկայացնել իրենց անհրաժեշտ սարքավորումների հայտերը և հիմնավորել, թե ինչպես դա կնպաստի գիտության զարգացմանը: Ըստ այդմ՝ կմեծանա այն ձեռք բերելու հնարավորությունը: Եթե սարքը թանկ ու եզակի է, Հայաստանում էլ չկա, մեկը ձեռք կբերեն, բայց կօգտվեն բոլորը:
Արթուր Մովսիսյան - Հնարավոր է՝ մասնագետներ չունենանք այդ սարքի վրա աշխատող, և մրցույթի մեջ ներառվելու է նաև այն փաստը, որ վերապատրաստման համար նույնպես հայտի մեջ նշեն: Այսինքն, կարող են այդ սարքի վրա պոտենցիալ աշխատողները վերապատրաստման ուղարկվել կամ մասնագետը գա այստեղ վերապատրաստվի:
Կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիայում հույս ունեն, որ առաջիկայում իրենց սարքավորումներն էլ կփոխեն: Ուսումնասիրել, տարբեր երկրներում եղել ու հասկացել են, որքան հագեցած է լաբորատորիան, այնքան մեծ է գիտական նոր բացահայտումներ անելու հնարավորությունը:
Վահագն Գևորգյան, Կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող - Այս սարքն ինձ թույլ է տալիս չափել տարբեր լուծույթների կողմից լույսի կլանման ինտենսիվությունը: Հիմա խնդիրն այն է, որ նոր սարքավորումները նախ, այս ամենը կատարում են շատ ավելի արագ և շատ ավելի ճշգրիտ:
Ոլորտը զարգացնելու համար Մովսիսյանը կարևորում է նաև թեմատիկ հետազոտությունների գործոնը, ասում է՝ 50 դրամաշնորհ են տրամադրելու: Գիտության պետական կոմիտեում համոզված են՝ երիտասարդ գիտաշխատողների թեմատիկ ուսումնասիրությունները կմեծացնեն ոլորտում նրանց ներգրավվածությունը:
Արթուր Մովսիսյան - Նախատեսում ենք մինչև երեք տարի ժամանակով դրամաշնորհ հատկացնել այն ծրագրերին, որոնք բխելու են տնտեսության կարիքներից անմիջապես, երկու տարի հետազոտությունների համար և ևս մեկ տարի այն ծրագրերը, որոնք հաջողությամբ կավարտեն, հնարավորություն տալ գաղափարից մինչև բիզնես ճանապարհ անցնելու:
Անել հստակ նպատակային ներդրումներ և համոզված լինենլ, որ դրանք կնպաստեն գիտության զարգացմանը. կառավարության մոտեցումը հստակ է ու դրան հետևելու համար ամեն լումա ճիշտ և նպատակային են օգտագործելու: Գիտության ֆինանսավորման ավելացումն էլ մեկ տարով չի սահմանափակվելու, արդեն իսկ հայտարարվել է, որ մյուս տարի կառավարությունը նախատեսում է ֆինանսավորումն ավելացնել ևս 5 միլիարդ դրամով: