Մասնավոր հատվածի գործատուներն Արցախում 6 ամիս շարունակ պետական աջակցություն կստանան վճարված եկամտային հարկի չափով: Ծրագրի նպատակն է պահպանել առկա աշխատատեղերն ու խրախուսել նորերի ստեղծումը:
Մանե Թանդիլյան, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար - Եկամտային հարկը փաստացի վճարվում է պետբյուջե և մենք, որպես կառույց, ով նախաձեռնել է այս ծրագիրը, հաշվարկում ենք, թե ինչքան են վճարում իրականացրել աշխատակիցների համար և այս տեղերի պահպանման նպատակով փոխհատուցում ենք այդ գումարի չափով:
Արցախի պետեկամուտների կոմիտեն հունվար ամսվա վճարված եկամտային հարկի համար արդեն փոխհատուցում է տրամադրել 677 գործատուի: Փետրվարի համար ծրագրից կօգտվի 819 շահառու:
Արմինե Մուսայելյան, Արցախի ՊԵԿ նախագահի տեղակալ - Արդեն պատրաստ են ցանկերը, նշանակվել է աջակցությունը՝ 819 գործատուի և 225 միլիոն դրամ գումարի չափով, որն առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն գանձապետարանի կողմից ֆինանսավորվելուց հետո ևս կփոխանցվի նրանց բանկային հաշիվներին:
Ծրագրից չեն օգտվում ոչ առևտրային կազմակերպությունները, ֆինանսավարկային կազմակերպություններն ու գրավատները, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները: Մանե Թանդիլյանի խոսքով՝ ծրագրի թիրախում հնարավորինս շատ մարդկանց զբաղվածության ապահովումն է:
Մանե Թանդիլյան - Նպատակահարմար ենք գտել արտադրող և, հատկապես, շատ քաղաքացիների, աշխատուժի ներգրավվածություն ունեցող կառույցներին և կազմակերպություններին աջակցելու:
Օրենսդրության վերանայմամբ տարեսկզբից Արցախում մի շարք արտոնություններ են սահմանվել ինչպես օկուպացված համայնքներում գործունեություն ծավալած տնտեսվարողների, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսի համար: