2021-22 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելությունն անցկացվելու է՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի պահանջների, այսինքն` մինչ կորոնավիրուսային համավարակը եղած կարգավորումներով: Ըստ այդմ՝ ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական
հիմունքներ» առարկաներից` ընդունելության համար ներկայացնելով ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք:
Նշենք, որ համավարակի տարածման ռիսկով պայմանավորված` անցյալ` 2020-21 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության կարգում կատարվել էր փոփոխություն․ ժամանակավորապես հանվել էր «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ատեստավորման պահանջը:
Նշված փոփոխությունը տարածվում էր բացառապես 2020-21 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի վրա:
Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
-
բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
-
«Օտար լեզու», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).
-
ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմանում.
-
ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
-
քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Նշենք, որ ըստ մասնագիտությունների՝ պետության կողմից ասպիրանտուրայի ուսման վարձի փոխհատուցմամբ անվճար տեղերը հաստատելու վերաբերյալ նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի առաջիկայում: