Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով ընդունեցի ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, հասարակական գործիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանի մահվան բոթը:
Հրայր Հովնանյանն արժանիորեն դասվում է հայ ժողովրդի երախտավորների, նրա մեծանուն զավակների շարքին, ովքեր անսահման սիրով ու հավատով լցված իրենց պատմական հայրենիքի հանդեպ, փայփայում էին մայր Հայաստանը աշխարհի հզոր ու զարգացած երկրների կողքին տեսնելու երազանքը և ամեն ինչ անում էին այն իրականություն դարձնելու համար:
Հովնանյանի անմիջական հովանավորությամբ ու գործուն մասնակցությամբ Արցախում իրականացվել են կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր, որոնց շնորհիվ լուծվել են կարևորագույն խնդիրներ կրթության, գիտության, առողջապահության և այլ ոլորտներում: Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում:
Արցախի Հանրապետության բարօրությանն ուղղված բացառիկ ծառայությունների համար Հրայր Հովնանյանն արժանացել է պետական բարձր պարգևների:
Անդառնալի կորստի այս ծանր պահին Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով:
Հրայր Հովնանյանի կյանքն ու գործը հայրենասիրության վառ օրինակ է, որը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»: