Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ու Էկոնոմիկայի փոխնախարարն անասնաբուժական կրթագիտական կենտրոնի նոր ուսումնական մուլյաժներով արհեստական բեղմնավորման գործընթացն են փորձարկում։ Հիշում են, երբ իրենք էին սովորում, նման դասընթացներ չկային։
Տիգրան Գաբրիելյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Ուսանողը կենդանուց խուսափում էր, քանի որ չկային մուլյաժներ, և կենդանի կենդանու հետ շփվելը ոչ հաճելի երևույթ էր, իսկ հիմա դիտակտիկ նյութերի միջոցով ուսանողները կարող են կամաց-կամաց շփվել կենդանու հետ։
Ամբողջ աշխարհում ընդունված է կենդանուն բուժել առանց ցավեցնելու: Մեթոդները հիմա հասանելի են նաև Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողներին։ Դիտակտիկ նյութերով ու կենդանու կաղապարներով զինված լսարաններում արհեստական բեղմնավորման ու կենդանու ծննդօգնության գործընթացի գործնական պարապմունքներ կանցնեն ոչ միայն ուսանողները: Կկազմակերպեն վերապատրաստման դասընթացներ նաև գործող անասնաբույժների համար։
Անասնաբուժության համար անհրաժեշտ ևս մեկ կենտրոն բացվեց նաև Կոտայքի մարզում՝ անասնաշուկայի հարևանությամբ։ Մարզում նման կենտրոնն անհրաժեշտություն էր, քանի որ մարդկանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Կենտրոնը կկառավարեն Արցախից Հայաստան տեղափոխված անասնաբույժները։
Արման Խոջոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Տեղի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հարևանությամբ գործում է նաև բավականին մեծ անասնաշուկա և բավականին մեծ պահանջարկ կա անասնաբուժական ծառայությունների։
Փոխնախարարը վստահ է՝ նման կենտրոնների շնորհիվ կզարգանան նաև անասնաբուժական մասնավոր ծառայությունները: