Ադրբեջանի նախագահական նստավայրի մոտ երեկ ցույցեր են եղել: Անհետ կորածների ծնողները պահանջել են վերադարձնել իրենց երեխաներին, բողոքել դադարեցված որոնողական աշխատանքից: Իրենց խնդիրներն անտեսված են: Ադրբեջանի գլխավոր դատախազն իր վրա է վերցրել նրանց պարզաբանումներ տալու պարտականությունը, ասել, որ որոշ արդյունքներ կան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ընդամենը 64 անհետ կորածի մասին: Դա հունվարի տվյալ է, որ հետո չի թարմացվել: Վերջին ամիսներին գտնվել են մի քանի զոհի մասունքներ: Զավակների ճակատագրի մասին տեղեկություն նրանք պահանջել են ոչ միայն Ալիևից, այլև Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներից: Բողոքողների մի խումբ էլ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան մոտ է: Ցուցարարները պահանջում են Մոսկվայից դուրս բերել ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից: Տեսանյութում երևում է, որ սովորաբար ակտիվիստների հանդեպ կոշտ վերաբերմունքով առանձնացող ադրբեջանցի ոստիկաններն ակցիայի մասնակիցների գործողություններին չեն խոչընդոտում:
Ադրբեջանցիներին չեն գոհացրել նաև պաշտոնյաների խոստումները փոխհատուցումների մասին: Նախագահին, ՏԻՄ-ին, էկոնոմիկայի նախարարությանն ուղղված բոլոր բողոքներն անպատասխան են մնացել:
Գազանֆար Ֆարզալիև - Ինձ պատասխանեցին, որ ես ռազմաճակատ եմ մեկնել առանց պետության հետ պայմանագիր կնքելու, այդ պատճառով ինձ թոշակ չի հասնելու: Բայց ինձ ռազմական համազգեստ են տվել, զենք են տվել, սննդի ցուցակում եմ եղել: Դա պայմանագիր չի՞ համարվում: Էլ ի՞նչ էր պետք: Նաև բժշկական ուղեգիր ունեմ՝ որպես վիրավորում ստացած: Բայց ոչ մի օգուտ այդ փաստաթղթերից:
Պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանում չեն դադարում զինծառայողների ծնողների ցույցերը, դրանց գումարվում է զինծառայողների պահանջը՝ կատարել խոստումները, բժշկական ծառայություններ ու ապահովագրություն ապահովել բանակի հաշմանդամ և վիրավոր զինվորների համար: