Թուրքիան, Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն, Ռուսաստանին տեղեկացրել է Սև ծով ԱՄՆ ռազմանավերի պլանավորված անցման մասին, ուրբաթ այդ մասին Интерфакс-ին հաղորդեցին Անկարայում Ռուսաստանի դեսպանատնից:
«ԱՄՆ-ը՝ որպես Մոնտրոյի կոնվենցիայի մասնակից, հետևում է Սև ծով մտնելու համար նախատեսված ընթացակարգերին և նախապես տեղեկացրել է: Թուրքիան էլ իր հերթին է կոնվենցիայի մյուս մասնակիցներին տեղեկացրել Միջերկրականից Սև ծով նավերի ելումուտի մասին»,- գործակալությանը հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունից:
Ավելի վաղ NTV հեռուստաալիքը, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարությանը, հաղորդել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին հայտնել է հաջորդ շաբաթ Սև ծով իր երկու ռազմանավի մուտքի մասին, որոնք այնտեղ կմնան մինչև մայիսի 4-ը:
Հինգշաբթի Պենտագոնի խոսնակն էլ CNN-ին հայտնել էր, որ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացման ֆոնին Վաշինգտոնը քննարկում է առաջիկա շաբաթներին Սև ծով ռազմանավեր ուղարկելու հարցը: