Ապրիլի 8-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Լյուդովիկ Օրբանի հետ։
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Օրբանին՝ Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ նոր պատասխանատու պաշտոնում:
Քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հատուկ շեշտ դնելով այն հանգամանքի վրա, որ այս տարի լրանում է Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Երկուստեք ընդգծվել է ռումինահայ համայնքի դերը՝ որպես Ռումինիայի հասարակության կարևոր մաս, որը ոչ միայն դարեր շարունակ իր նպաստն է բերել Ռումինիայի զարգացմանը, այլ շարունակում է նաև կապող օղակ հանդիսանալ երկու երկրների փոխհարաբերություններում։
Այդ առիթով ընդգծվել է խորհրդարանական համագործակցության դրական փորձը, ինչի ցայտուն օրինակ է 2019 թ. Ռումինիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, համաձայն որի հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայտարարվել է հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր:
Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում կողմերը գոհունակությամբ նշել են նաև այն հանգամանքը, որ Ռումինիան ԵՄ անդամ առաջին երկրներից էր, որ 2018 թ. սկզբից սկսեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, որ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից:
Դեսպան Մինասյանը պարոն Օրբանին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը, և անդրադարձել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում մարդասիրական հարցերի արծարծման կարևորությանը։
Կողմերը հույս են հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կակտիվանա նաև երկկողմ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։