Անկարայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանիին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն, հայտնում է Anadolu-ն:
Պատճառը նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի` Թուրքիայի բնորոշմամբ՝ «անընդունելի» հայտարարություններն են: Իտալիայի վարչապետը քննադատել է Թուրքիայի նախագահին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ նրան անվանելով «բռնապետ»:
Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում պատասխանել է Դրագիին. «Մենք խստորեն դատապարտում ենք Իտալիայի նշանակված վարչապետ Դրագիի անընդունելի պոպուլիստական հռետորաբանությունը և մեր ընտրված նախագահի վերաբերյալ նրա տգեղ ու անողոք հայտարարությունները»,- գրել է արտգործնախարարը:
Երեքշաբթի Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նստացրել էին բազմոցին, ինչը արարողակարգով չի համապատասխանում նրա պաշտոնին: