Քաղաքացիներին հուզող տարատեսակ հարցեր՝ ի՞նչ քայլեր են պետք ամուսնությունը գրանցելու համար, ծննդականի համար ո՛ր կառույցին դիմել, մահվան դեպքում տրամադրվող գումարի համար ո՛ւր և ո՛ւմ դիմել, սա ամենը չէ:
Հասմիկ Ավետյան (ծառայության աշխատակից) - Առաջ քաղաքացին երեխայի ծննդյան վկայականը վերցնելուց հետո ուղղորդվում էր անձնագրային բաժին, հետո սոցծառայություն: Հիմա ես վերցնում եմ դիմումը ու 2 շաբաթ հետո ստանում են երեխայի միանվագ գումարը:
Արդեն մոտ մեկ տարի՝ մեկ պատուհան սկզբունքով են աշխատում 8 օղակ և 97 պետծառայություն: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանում է՝ համակարգը ավտոմատացված, պարզ աշխատում է: Հերթագրվել կարող են ինչպես տեղում, այնպես էլ օնլայն:
Վահե Դանիելյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Ըստ պետական մարմնի է հերթագրումը:
Այս 13 պատուհանի միջոցով քաղաքացուն ոչ թե հասցեից հասցե են տեղափոխում, այլ մեկ մետր հեռավորության պատուհանից պատուհան:
Վահե Դանիելյան - Օրինակ՝ հիմա մենք փորձենք իրավաբանական անձանց պետական ռեգիստրը, 13 պատուհանին պետք է մոտենանք:
Օրինակ՝ այս պատուհանը բիզնես սկսել ցանկացողներին կհետաքրքրի՝ նախկինի պես գրանցումից հետո այլևս հարկ չի լինի գնալ պետեկամուտների կոմիտե՝ հարկային վճարումներ անելու և տեղից տեղ թուղթ տանել-բերել, այժմ՝ ամբողջը րոպեների ընթացքում:
Վահե Դանիելյան - Մեր նպատակներից մեկը եղել է այն, որ փոխկապակցված ծառայությունները քաղաքացիները ստանան միաժամանակ:
Երևանի միասնական գրասենյակից մինչև օրս օգտվել է մոտ 20 հազար քաղաքացի, գործարքների թիվը մի քանի հազարով ավելի է: Իսկ ահա Իջևանում մեկ ամիս առաջ բացված գրասենյակը հասցրել է արդեն 1000-ից ավելի քաղաքացու սպասարկել, 1200-ից ավելի ծառայություն է մատուցվել: Միասնական գրասենյակների հաջորդ կանգառները Գյումրին ու Վանաձորն են: