Առաջին փուլով ռիսկի խմբերին Հայաստանում կպատվաստեն նաև ռուսական «Սպուտնիկ V»-ով: Պատվաստանյութի 15 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է, այս պահին մաքսազերծվում է:
Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ երեկ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը ցանկանում է ռուսական պատվաստանյութի մինչև 1 մլն դեղաչափ ձեռք բերել, քանի որ այն գործնականում ապացուցել է արդյունավետությունը: Պուտինն էլ արձագանքել էր, թե Ռուսաստանը մտադիր է ընդլայնել արտադրության ծավալները: «Սպուտնիկ V-ի»՝ Հայաստանում գրանցված լինել-չլինելու մասին Պուտին-Փաշինյան հարցուպատասխանը, սակայն, մամուլում բազմաթիվ քննարկումների ու տարընկալումների առիթ էր տվել: Նախարար Ավանեսյանն այսօր պարզաբանեց. ռուսական «Սպուտնիկը» Հայաստանում գրանցված չէ, բայց իրավական բոլոր հիմքերը կան այն օգտագործելու համար:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Օրենքը մի քանի մեխանիզմ ունի: Այդ մեխանիզմներից մեկն էլ թույլտվությունն է, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի, և այդ թույլտվությունը տրված է:
Ըստ Ավանեսյանի՝ բոլոր պատվաստանյութերը, որոնք դեռ չեն անցել կլինիկական փորձարկման 3-րդ փուլ, ոչ թե գրանցվում են, այլ օգտագործման թույլտվություն ստանում: Հետևաբար՝ այս փուլում գրանցված թե օգտագործման թույլտվություն ստացած՝ նույն բանն է:
Անահիտ Ավանեսյան - Հիմա բոլոր երկրները, որ թույլ տալիս են՝ նույն մեխանիզմով են թույլ տալիս:
«Սպուտնիկ V»-ի յուրաքանչյուր երկու դեղաչափի համար Հայաստանի կառավարությունը վճարել է 19 դոլար: Ամեն պատվաստվող պետք է երկու դեղաչափ ստանա: Թե՛ «Սպուտնիկով», թե՛ «Աստրազենեկայով» պատվաստումն անվճար է, բայց առայժմ միայն ռիսկի 4 խմբի համար:
Մյուս խմբերի պատվաստման ժամկետները պարզ կլինեն պատվաստանյութի հաջորդ խմբաքանակի ներկրումից կախված: