Անցյալ տարվա մայիսին ԱԺ-- ընդունած օրենքի համաձայն՝ նախադպրոցական հաստատությունները կարող են պետական բյուջեից աջակցություն ստանալ: Որպեսզի, օրինակ, մարզային ու մայրաքաղաքային մանկապարտեզների սաները պետական աջակցության տարբեր չափ չստանան, ինչպես համայնքային ֆինանսավորման դեպքում է, կրթական գերատեսչությունը նախադպրոցական հաստատությունների միասնական մեթոդաբանություն է մշակում: Այն առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորման կարգ, բայց հաջողելու դեպքում, կարող է ոլորտի ֆինանսավորման ընդհանուր բանաձև դառնալ:
Պետությունը կֆինանսավորի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող փոքրերին, բազմազավակ ընտանքիների, նաև զինծառայողների երեխաներին: Ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով:
2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաներ
2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ
2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներ
2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայողների երեխաներ
Պետական ֆինանսավորումը կտրվի մեկ երեխայի հաշվարկով: Այն կներառի սննդի ծախսը, կոմունալներն ու աշխատավարձային ֆոնդը:
Ժաննա Անդրեասյան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Պետական այս քաղաքականությունն ուղղված է հավասար պայմաններ ապահովելու հնարավորությանը, որպեսզի կարողանանք խրախուսել այս երեխաների ներգրավածությունը նախադպրոցական հաստատություններում:
Այս ծրագրի շահառու կարող են դառնալ տասնյակ հազար երեխաներ: Կառավարությունն այդպիսով մտադիր է մինչև 2023 թվականը մանկարպարտեզներում երեխաների ընդգրկվածությունը հասցնել 70 տոկոսի։ Դա հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներից է: Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանությայն նախագիծն առայժմ հանրային քննարկման փուլում է: Շուտով կներկայացվի կառավարություն:
Մեկ այլ նախագծով էլ աշխատակիցների վճարման փոփոխություն է ենթադրվում: Բազային կընդունեն Երևանի մանկապարտեզների աշխատավարձը. կախված խմբերի քանակից՝ կսահմանեն գործակից, որ ավելի շատ ծանրաբեռնված աշխատակիցներն ավելի շատ էլ վարձատրվեն: