Շուրջ 2 ամիս է՝ Վանաձորի համաբուժարաններին և բուժամբուլատորիաներին կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անվճար մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու: Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում տեղակայված շարժական մամոգրաֆը նպատակ ունի բացահայտել ու կանխել չարորակ նորագոյացությունները:
Ռուզաննա Պողոսյան (Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ) - Մեզ համար ծրագիրը բավական մեծ կարևորություն ունի, քանի որ հնարավորություն է տալիս հիվանդությունը կանխարգելել և ախտորոշել վաղ շրջանում: Երբ որ կանայք գնում էին Երևանի բուժհաստատություններ, հիմա այդ հնարավորությունը տրված է, առանց մեկնելու Երևան, հետազոտությունը իրականացնել Վանաձորում:
Այս ամիսների ընթացքում Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանների ամուբուլատորիաներին կցագրված 984 կնոջ շրջանում կատարվել է սքրինինգային 1967 հետազոտություն: Հետազոտվողների 5 տոկոսի մոտ հաստատվել է կարծքագեղձի չարորակ ուռուցք:
Արփիկ Ամիրջանյան (ռենտգեն լաբորանտ) - Ընդունարանում կատարում ենք անձնական տվյալների գրանցում, հետո ներսում կատարում ենք արդեն նկար. 4 նկար՝ 2 ուղիղ, 2 թեք դիրքերով: Տևում է 3-ից 5 րոպե, դա գրեթե անցավ է:
Ռիսկային խմբում գտնվող կանայք հերթագրվում, ընտանեկան բժշկի կամ թերապևտի կողմից ուղղորդվում են հետազոտության, իսկ ախտորոշումը կատարվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոլոգների կողմից, ախտորոշման հաստատման լրացուցիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար:
Տաթևիկ Սահակյան (թիվ 3 պոլիկլինիկայի բժիշկ-թերապևտ) - Մեզ մոտ անցնում են նախնական զննում, մամոգրաֆիայի անհրաժեշտության դեպքում, կարիքի դեպքում ուղեգրվում են դեպի մամոգրաֆիայի սարք: Այս պահին մենք ունենք 32 արդեն ախտորոշված դեպքեր, որոնք հավանական է, եթե ծրագիրը չլիներ, լինելու էին ուշացած դեպքեր՝ արդեն ավելի վատ ելքով:
Մասնագետները հորդորում են այս հնարավորությունը բաց չթողնել, վստահեցնում են՝ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը թույլ կտա խուսափել հիվանդության հետագա բարդացումներից և նվազեցնել մահացության դեպքերը:
Նախաձեռնությունն իրականացվում է «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Շարժական մամոգրաֆը Լոռիում կշարունակի մնալ 1 տարի, կհաջորդեն Տավուշի և Սյունիքի մարզերը:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան