Ճանապարհային նշանների կահավորումը Երևանում դժգոհություններ գրեթե չի առաջացնում: Մինչդեռ մարզերում այլ պատկեր է: Իրավիճակը հաճախ պատճառ է դառնում ողբերգական վթարների: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդես է եկել խնդիրը կարգավորող օրենսդրական նախաձեռնությամբ:
Վաղարշակ Հակոբյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Օրենքի սկիզբը եղավ այն ուսումնասիրությունը, որը մենք արեցինք՝ պարզելու, թե ով է պատասխանատու միջհամայնքային ճանապարհների ճանապարհային նշանների տեղադրման համար: Այդ ուսումնասիրության ժամանակ պարզեցինք, որ մեր համայնքների զգալի մասում ճանապարհային նշաններն իսպառ բացակայում են:
Նախագիծը մշակելիս պարզել են, որ շատ վթարների դեպքում մեղավորին գտնելը գրեթե անհնար է դառնում, քանի որ իրական պատճառը հենց ճանապարհային նշանների բացակայությունն է:
Վաղարշակ Հակոբյան - Ծանոթ եմ մի քանի գործի, երբ վթար էր տեղի ունեցել ճանապարհային նշանի բացակայության պատճառով և հնարավոր չէր լինում պարզել՝ ով է մեղավոր: Ի վերջո՝ պարզվեց, որ երկու վարորդն էլ հավասարաչափ մեղավոր են կամ անմեղ, քանի որ վթարը տեղի էր ունեցել ճանապարհային նշանի բացակայության պատճառով:
Ըստ վիճակագրության՝ 2019 -ի հունվարի 1-ից մինչև 2020-ի մարտի 5-ը հանրապետությունում տեղի է ունեցել 5481 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 386, վնասվածք ստացել՝ 7827 մարդ: Վթարների մի մասը տեղի է ունեցել ճանապարհային նշանների բացակայության պատճառով:
Նախագծում Երևանը ներառված չէ: Իսկ մարզերում արդեն հնարավոր կլինի պարզել, թե ով է թերացել կամ ով խախտել ճանապարհային երթևեկության կանոնը:
Վաղարշակ Հակոբյան - Օրենքով հնարավորություն չէր տրվում պարզել, թե որ գերատեսչությունը չի կատարել իր աշխատանքը: Հիմա մենք այս օրենքով սահմանում ենք տրանսպորտի բնագավառի լիազոր մարմին, որը լինելու է Տարածքային կառավարման նախարարությունը:
Համայնքը պետք է որոշի և լիազոր մարմնի հաստատմամբ կազմի ճանապարհային նշանների միջհամայնքային քարտեզ, անվտանգության մասով այն համաձայնեցնի ոստիկանության հետ:
Վաղարշակ Հակոբյան - Այլևս անհնար է լինելու մի գերատեսչությունից մեղքը մեկ այլ գերատեսչության վրա գցելու նուրբ արվեստը:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունված է, երկրորդն ու ամբողջականը նախատեսվում է առաջիկա քառօրյային: Կառավարության դիրքորոշումը դրական է: