«Քվանտ» վարժարանի 3 աշակերտ արհեստական քիթ են ստեղծել: Այն իր գործառույթում դեռևս չի սխալվել, հստակ տարբերում է հոտերը: Կարող է սուր հոտառությամբ կանխել պայթյունները, կիրառվել անգամ հիվանդությունների ախտորոշման համար: Քվանտականների հայկական, արհեստական քիթն առաջիկայում կներկայացվի առցանց միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին:
Նախագիծը ղեկավարում է ինֆորմատիկայի ուսուցիչը՝ Գրիգոր Աղաբաբյանը: Արհեստական քթի սուր հոտառություն տալու համար մեկ տարի աշխատել են:
Գրիգոր Աղաբաբյան, «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ - Մենք, ընդհանուր առմամբ, կատարել ենք մոտ 100 000 չափում՝ գրված կարգերի, ավտոմատված համակարգերի միջոցով: Կարողացել ենք ստանալ սարքը, որն այս պահին կարողանում է տարբերել 6 հոտեր, որոնք մեր ձեռքի տակ ընկել են:
Ռոբերտ Սիմոնյան, «Քվանտ» վարժարանի աշակերտ - Այստեղ գտնվում է իր, այսպես կոչված՝ ուղեղը, որը կատարում է հիմնական հաշվարկները և մեզ պատասխանում է՝ ինչ հոտ է, իսկ այստեղ՝ այդ դատչիկների հոտ հավաքելու մասն է:
Արհեստական քիթը կարելի է օգտագործել գործարաններում՝ պայթյունավտանգ գազերի արտահոսքը կանխելու համար: Մտադիր են հոտառությունն այնքան զարգացնել, որ կարողանա անգամ հիվանդություններ ախտորոշել:
Դավիթ Գյուլամիրյան, «Քվանտ» վարժարանի աշակերտ - Սարքը կիմանա, թե առողջ մարդկանց արտաշնչած օդն ինչ տեսք ունի, հիվանդ մարդկանցը՝ ինչ: Նեյրոնային ցանցի օգնությամբ կսովորեցնենք: Հուսանք` հնարավոր կլինի:
Ոչ թե ախտորոշելու, այլ բուժելու միտք ունեն Եր7անի 118-րդ դպրոցի աշակերտները: Կենսաքիմիայի ինստիտուտում գիտափորձեր են արել. պնդում են՝ ալկոհոլի որոշակի քանակը կարող է դրական ազդել շաքարային դիաբետ ունեցողների առողջական վիճակի վրա:
Անի Գեղամյան, Երևանի 118-րդ դպրոցի աշակերտ - Հույս ունենք, որ վերջնական բուժում կգտնվի շաքարախտին, քանի որ մեր հիմնական նյութը ոչ միայն մեր հետազոտությունների, այլև համաշխարհային հետազոտություններով ցույց է տալիս, որ բարելավում է բջիջների թաղանթի վիճակը և հնարավորություն է տալիս բուժել:
Աննա Թորոսյան, Երեւանի 118-րդ դպրոցի աշակերտ - Օգտագործել ենք 33 արու առենետների, փորձերը կատարվել են 2 սերիայով:
Արհեստական բանականությամբ աշխատող քիթը և «Շաքարային դիաբետն ու ալկոհոլը» նախագծերը մայիսի 3-6-ը կներկայացվեն Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին: Այն պետք է կայանար ԱՄՆ-ում, սակայն կորոնավիրուսի պատճառով կլինի առցանց: