Արցախի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպել են՝ քննարկելու հետպատերազմյան Արցախի դժվարություններն ու առաջիկա անելիքները: Արցախում բնականոն կյանքը վերականգնելու աշխատանքներն ընթանում են համատեղ ջանքերով ու լայնածավալ ծրագրերով:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Շատ կարևոր է այն որոշումը, որ մենք կայացրինք՝ կապված Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 միլիարդ դրամի ծրագիր իրականացնելու համար, բնակարանաշինության և ենթակառուցվածքների: Երեք տարում այդ ծրագիրը կյանքի կոչելու դեպքում Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի կլինի:
Վարչապետն Արայիկ Հարությունյանին է ներկայացրել նաև Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքները, ընդգծել՝ Արցախում ռուս խաղաղապահներն անվտանգության և կայունության հարցում կարևոր դեր ունեն:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները անվտանգային և քաղաքական դաշտում, նամանավանդ՝ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինի ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով և այդ առումով մենք էլ ենք կարևորում ձեր հանդիպումը Մոսկվա:
Աշխատանքային այցի շրջանակում Արցախի նախագահն այսօր նաև բարձր պարգևներ է հանձնել: Արցախյան շարժման 33-ամյակի առիթով ազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչներ, ազատա-մարտիկներ Վիգեն Շիրինյանին և Իգոր Մուրադյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:
Արցախյան շարժման ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է փայլուն հաղթանակներ, ծանր փորձություններ, սակայն ըստ Արայիկ Հարությունյանի պետք է շարունակել պայքարը՝ հանուն հուսալի ապագայի: