ԱՄՆ պետդեպարտամենտի՝ կրոնական փոքրամասնությունների հարցերի նախկին հատուկ խորհրդական Նոքս Թեյմզը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել 1915-23 թվականներին տեղի ունեցած համակարգված սպանություններն անվանել ցեղասպանություն: Այս մասին տեղեկացնում է News Week-ը:
Պարբերականը նշում է, որ ըստ Թեյմզի՝ ապրիլի 24-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ պատմական փաստն արձանագրելու ճիշտ պահը կլինի:
Նշվում է, որ Օսմանյան կայսրությունը 1915-ի ապրիլի 24-ից սկսած ութ տարի շարունակ իրականացրել է հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանությունները: Հոդվածագիրն ընդգծում է, որ 1.5 մլն հայ է սպանվել. ինչն այլևս գաղտնիք չէ: Զանգվածային սպանությունների մասին միայն 1915-ին The New York Times պարբերականը 145 հոդված է հրապարակել:
Նոքս Թեյմզը հայտնում է, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, նախագահի թեկնածու Ջո Բայդենը ճանաչել է այն և հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բայդենն էլ նույնը կանի ապրիլի 24-ին: