Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային հայ ծանրորդ Կարեն Ավագյանը և Անդրանիկ Կարապետյանը ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել:
Կարեն Ավագյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
Արծաթե մեդալ է նվաճել վրացի Ռևազ Դավիթաձեն:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելյա Յայլյանը նվաճել էր մեկ փոքր արծաթե մեդալ (պոկում վարժություն), իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ մեկ փոքր բրոնզե մեդալ (հրում վարժություն)։
Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգան կանանց հավաքականից Լիանա Գյուրջյանը, տղամարդկանց հավաքականից` Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում են և մրցավայրից հետևում են հայ ծանրորդների ելույթներին։