Կիպրոսի հոգևոր առաջնորդները դատապարտել են Հյուսիսային Կիպրոսի տարածքում գտնվող հայկական Մակարավանք եկեղեցում տեխնո ոճի երաժշտական միջոցառման անցկացումը՝ փոխանցում է Financial Mirror պարբերականը:
Հայկական պատմական Սուրբ Մակարավանքը տեղակայված է Թուրքիայի վերահսկողության տակ անցած Հյուսիսային Կիպրոսի Պենտադակտիլոս լեռնաշղթայի վրա:
Կիպրոսի հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ասվում է.
«Սա Կիպրոսի պաշտամունքի վայրերի և գերեզմանատների համար ցավալի արարք, սխալ գործածություն, անհարգալից վերաբերմունք և պղծում է՝ անկախ մտադրությունից ու դավանանքից»:
Հոգևոր հայրերն ընդգծել են, որ պաշտամունքի վայրերը և գերեզմանները պաշտպանված են վանդալիզմից, սխալ օգտագործումից և պղծումից:
Նշվում է նաև, որ նման հոգևոր վայրերի պղծումը ցավ ու անվստահություն է առաջացնում և խոչընդոտ հանդիսանում խաղաղ համակեցության համար:
Հայկական վանքի նկատմամբ նման վերաբերմունքը խստորեն դատապարտել է նաև Կիպրոսի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը:
ԱՄՆ դեսպան Ջուդիթ Գարբերն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ կրոնի ազատությունը հիմնարար արժեք է և, հղում անելով հոգևոր առաջնորդների կոչերին, ևս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտամունքի բոլոր վայրերը պետք է պաշտպանված լինեն սխալ օգտագործումից, վանդալիզմից և պղծումից: