«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ: Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին: Տարածքն ընդգրկում է 25 մ քառակուսի, շինարարական աշխատանքներն այդտեղ դադարեցվել են:
ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ՝ «Էրեբունի» թանգարանի՝ պեղումներ իրականացնող խումբը՝ թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանի ղեկավարությամբ, ապրիլի 3-ից ձեռնամուխ է եղել տարածքում պեղումներ կատարելու աշխատանքներին՝ կամավոր հիմունքներով: Ըստ Միքայել Բադալյանի՝ տարածքի որոշ հատված վնասված է՝ պայմանավորված դեռևս խորհրդային շրջանից մեքենաների երթևեկությամբ: Կտրվածքի անխաթար հատվածում էլ հայտնաբերվել են խեցեղենի տարբեր նմուշներ, որոնց թվում՝ սափորի բեկոր՝ փայլանախշերով և գծանախշերով, վերնախավային ուրարտական խեցեղենի համադրություն, թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ, որոնք թվագրվում են Ք.ա. 8-6-րդ դարերով: Որպես քիչ հանդիպող բացառիկ նմուշ՝ առանձնանում է սեպանախշերով խեցեղենի մի բեկոր, որը կհամալրի թանգարանի հավաքածուն:
Գտնված խեցեղենը թանգարանի վերականգնման և ամրակայման լաբորատորիայում լվացվում և մաքրվում է, որոշ բեկորներ ամրացվում են, ինչը որոշակի պատկերացում է տալիս ամբողջական իրի մասին:
Աշխատանքային խմբի ղեկավար Մ. Բադալյանը նշում է, որ հընթացս երևում են կանոնավոր քարերով շարված կառույցի հետքեր․ «Այս պեղումները հուշում են, որ սա կարևոր սկզբնաղբյուր կարող է լինել:
Գտածոներից կարելի է ենթադրել, որ այստեղ կյանք է եղել, մարդիկ գործունեություն են իրականացրել, իսկ թե ինչպիսի, կիմանանք մի քանի օրից, երբ հասնենք կտրվածքի այդ շերտին, որն արդեն երևում է: Հնարավոր է նաև՝ դամբարան լինի»:
Պեղումների՝ թույլտվությամբ սահմանված ժամանակահատվածով աշխատանքները կավարտվեն ապրիլի 11-ին: Ըստ ընդունված կարգի՝ եռամսյա ժամկետում ԿԳՄՍՆ-ին կտրվի համապատասխան եզրակացություն, և կտպագրվեն գիտական հոդվածներ: