Հայաստանում կորոնավիրուսի տարածման կտրուկ աճ չկա: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ վերջին մեկ շաբաթում նկատվում է վիճակի կայունացում:
Կորոնավիրուսով վարակված 248 քաղաքացի այժմ ծայրահեղ ծանր է, 987-ը՝ ծանր վիճակում: 77 հիվանդի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարք:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ քովիդով հիվանդներին այս պահին սպասարկում է 21 բժշկական կենտրոն, որից 10-ը՝ մարզում, 11-ը՝ Երևանում:
Վերջին օրվա տվյալով 4 հազար 943 թեստավորումից դրական է եղել 1231-ը: Գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 28 դեպք: Քովիդ 19-ի երրորդ ալիքի տարածմանը զուգահեռ՝ Հայաստանը մտնում է նախընտրական փուլ. ինչ ազդեցություն կունենա գործընթացը վիրուսի տարածման դինամիկայի վրա: Նախարարը ևս մեկ անգամ հիշեցնում է համաճարակային կանոնների պահպանման կարևորությունը:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է ավելի քան մեկ տարի առաջ, մինչև օրս հիվանդությունից մահացել է 3 հազար 675 քաղաքացի: Տևական ժամանակ է՝ նախարարությունը մահացածների թիվը հրապարակում է՝ առանց նշելու նրանց տարիքը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք պատճառն ա՞յն է, որ մահերն ավելի շատ գրանցվում են երիտասարդների շրջանում:
Առողջապահության նախարարությունը քովիդ 19-ի կանխարգելման համար հունվարից մինչև ապրիլ ծախսել է մոտ 4 միլիարդ դրամ: