Ամեն տարի ապրիլի 7-ին, այն տանը, որտեղ ապրել և ստեղծագործել են ազգային կերպարվեստի երկու հսկաները՝ քանդակագործ Արա Սարգսյանն ու Հակոբ Կոջոյանը, նշվում է Արա Սարգսյանի տարեդարձը: Այս տարի քանդակագործի 119-ամյակը թանգարանը նշում է հատուկ ցուցադրությամբ՝ ներկայացնելով նրա մինչև օրս չցուցադրված 5 տասնյակից ավելի էսքիզները, որոնք հիմնականում ընտանեկան արխիվից են: Հայտնի և անհայտ Սարգսյանը բացահայտվում է իր հզոր տաղանդի բոլոր շերտերով՝ մեծ մոնումենտալիստը, պորտրետիստը, բեմանկարիչն ու փորագրողը:
Առաջին անգամ ցուցադրվել է երևանյան Հաղթական կամարի Սարգսյան-Աղաբաբյան-Տիգրանյան հեղինակային խմբի նախագիծը. այն պետք է զարդարեր Մարքսի փողոցը,՝ ցավոք, չիրականացավ: Ցուցադրության մաս են նաև Սարգսյանի 12 հայտնի բեմական ձևավորումներից «Պաղտասար աղբարի», «Համլետի» էսքիզները: Թոռնուհին մեկ անգամ ևս ընդգծում է Սարգսյանի կազմակերպական տաղանդը, չէ որ հենց նա՝ Վիեննայի ակադեմիայի շրջանավարտը, հայրենիքում հիմնեց Երևանի գեղարվեստական ինստիտուտը և նկարիչների միությունը:
48 տարի առաջ բացված թանգարանն այսօր պարզապես անմխիթար վիճակում է՝ ստեղծման օրից չի նորոգվել: Տարիներ շարունակ դիմել են իրավասուներին և ոչ մի արձագանք;
Փետրվարին Կառավարությունը հաստատել է տուն-թանգարանի հիմնանորոգման որոշումը, արդեն հաստատվել է նաև նախագիծը և թանգարանում սպասում են ֆինանսավորմանը. վստահ են՝ նորոգումից հետո այն նոր շնչառություն կստանա: