ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց և հավանության արժանացավ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Քրիստինե Պողոսյանի հեղինակած ««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ առաջարկվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրում բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոնների համար սահմանել մասնագիտական աշխատանքային փորձի առավել մեղմ սահմանափակումներ:
Ըստ այդմ՝ նախաձեռնությամբ նախատեսվում է պահանջվող առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժը փոխարինել երեք տարով, իսկ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը փոխարինել կրկին երեքով:
Կառավարությունը կողմ է արտահայտվել առաջարկվող փոփոխություններին: