«Աստրազենեկա» պատվաստանյութի շուրջ հրապարակումները ոչ պաշտոնական են, ԵՄ Դեղերի գործակալությունը հստակ ֆիքսել է, որ մահերի անմիջական պատճառի և պատվաստումների միջև կապն ապացուցված չէ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ բանակցություններ են վարվում պատվաստանյութի որոշակի չափաքանակ ձեռք բերելու համար, գումարն արդեն փոխանցվել է «Ֆայզեր», «Աստրազենեկա» և «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութերի համար: Զեյնալյանը հիշեցրեց, որ պատվաստանյութի 20 հազար չափաքանակ արդեն տրվել է Հայաստանին՝ որպես նվիրատվություն, պատվաստվել են հիմնականում բուժաշխատողները և ռիսկի խմբի քաղաքացիները:
«Այս պահին մեծ պահանջարկ կա, հերթագրումներ կան պատվաստումների համար, հատկապես նրանք, որոնք ռիսկային խմբում են: Առաջին փուլում պետք է պատվաստվեն քրոնիկ հիվանդները, բժիշկները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,- նշեց նա:
Պատգամավորն ասաց, որ պատվաստումները միայն կամավորության սկզբունքով են լինելու՝ անվճար, իսկ վճարովի պատվաստման մասին դեռևս խոսք չկա:
«Պատվաստումն է միակ լուծումը համավարակի դեմ պայքարի: Այդ գիտակցությունը պետք է ունենանք»,- ասաց Զեյնալյանը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի նոր շտամին, Նարեկ Զեյնալյանը հայտնեց, որ վարակի մահաբերության ցուցանիշն ավելի ցածր է, ավելի մեծ է ախտահարության ագրեսիվությունը: