Մինչ Հայաստանում կգործարկվի նոր պարեկային ծառայությունը, Ոստիկանության կրթահամալիրում հունվարից մեկնարկած հնգամսյա ուսուցումն ակտիվ փուլում է: Իգական սեռի ներկայացուցիչներն ասում են՝ իրենց հերթին ջանք չեն խնայում, որ ունենանք պրոֆեսիոնալ ծառայություն:
Դիանա Ղազարյան - Երբ դիտեցի գովազդը նոր պարեկային ծառայության մասին, ինչ-որ հետաքրքիր ուժ մեջս արթանացավ, ու միանգամից որոշեցի, ասեցի՝ ինչի՞ չէ, փորձեմ:
Դիանան մասնագիտությամբ իրավաբան է, թեև երկար տարիներ աշխատել է որպես դերասանուհի: Ասում է՝ կնոջ համար շատ ավելի հեշտ է շփումը հասարակության հետ: Երբեք ոստիկանի կերպարում իրեն չի պատկերացրել, բայց հիմա մտադիր է անել ամենը, որ իրավապահ համակարգում կնոջ դերակատարումը մեծանա:
Դիանա Ղազարյան - Տանը զրուցեցինք, և հասկացա, որ իրենք դեմ են: Եկել, գաղտնի թղթերս հավաքել եմ, ընդունելության քննություններին եմ մասնակցել, հեշտ չի եղել:
Փորձելու եմ այնպես աշխատել, որ այդ կարծրատիպը վերանա մեր հայ ազգի միջից, որ կինը չի կարող, ինչի՞ չի կարող:
Արմեն Սուքիասյան (Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ) - Կարծում եմ՝ իրենք ընտրությունը կատարել են գիտակցաբար, հասկանալով այս մասնագիտության բարդությունը, լրջությունը, պատասխանատվությունը, և նրանք անցել են ստուգման տարբեր փուլեր, և ուսումնական այս պրոցեսի ընթացքում՝ 2.5 ամիսների ընթացքում, նկատելի է, որ աղջիկները ևս փորձում են անել հնարավորը, որպեսզի որևէ ձևով հետ չմնան տղաներից:
Կրթահամալիրում տեսական գիտելիքներ ստանալուն զուգահեռ գործնական հմտություններ են ձեռք բերում՝ քաղաքացիներին անհետաձգելի օգնության, հոգեբանական աջակցության ցուցաբերման, հասարակական կարգի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման:
Ոստիկանական գործ՝ պարեկ որակավորմամբ սովորողների ուսուցումը շուրջ 2.5 ամիս ընթանում է: Կրթահամալիրում հավաստիացնում են՝ դասընթացի ավարտին կին պարեկները պատրաստվածության աստիճանով ու հմտություններով չեն զիջի տղամարդ գործընկերներին: