Կորոնավիրուսի կայուն լարվածության հետ մեր երկրում ավելանում է պատվաստումների պահանջարկը՝ վստահեցնում է առողջապահության նախարարը:
Այս պահին հիվանդանոցներում կորոնավարակակիրների համար 2500 մահճակալ է առանձնացված, բոլորը զբաղված են: Պատվաստումները «Սպուտնիկ V»-ով շարունակվում են, իսկ «Աստրազենեկան» դեռ մաքսազերծման և բաշխման գործընթացի փուլում է:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մենք ուշադրությամբ հետևում ենք Եվրամիության և ԱՀԿ-ի ուսումնասիրություններին, դրանից հետո կորոշենք՝ ո՛ր տարիքային խմբում ենք իրականացնելու:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն օր տվյալներ է ստանում «Աստրազենեկա» պատվաստանյութի մասին: Կառույցն արդեն հայտարարել է, որ ոչ մի կապ չկա «Աստրազենեկայի» և թրոմբի առաջացման միջև: Տարածվող լուրերը, թե Բրիտանիայում պատվաստումից մարդիկ են մահանում, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը չափազանցված է համարում:
Նարեկ Զեյնալյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - ԵՄ պատվիրակության տեղի գործակալությունն ապացուցեց, որ մահերը պատվաստանյութի հետ կապ չունեն:
Զեյնալյանը պնդում է՝ ինքն էլ պատրաստ է պատվաստվել, սակայն այս պահին առաջնահերթությունը խոցելի խմբերինն է: Հերթագրվածների ցանկը մեծ է: Հիմա բանակցում են Ռուսաստանի հետ՝ պատվաստանյութի նոր խմբաքանակի համար:
Նարեկ Զեյնալյան - 2000 չափաբաժին նվիրատվության ձևով տրվել է Հայաստանի Հանրապետությանը, որոնք ներարկվել են ռիսկային խմբերի անձանց, բժիշկներին:
Զեյնալյանը արձանագրում է՝ այսօր Հայաստանը կորոնայի երրորդ ալիքն է փորձում հաղթահարել, ընդգծում՝ պատվաստման գործընթացը կարող է բեկումնային լինել: