Այս մեդալները գեղեցիկ սեռի ուժեղների համար են: Հայրենիքի պաշտպանության առաջնագծում ու Քովիդի դեմ ճակատում ցուցաբերած անձնական խիզախության, արիության, նվիրումի համար Հանրապետության նախագահը պարգևատրում է Արիության մեդալներով:
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ - Հայ մայրերը ոչ միայն ընտանիքի հենասյունն են,այլև նրանք շատ հաճախ համազգեստ են հագնում, մեկնում ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը:
Հայրենիքը պաշտպանած ու պաշտպանող Հասմիկն է մոտենում նախագահին, հայոց բանակի սպա է՝ դասակի հրամանատար: Ավագ լեյտենանտ Բաբաջանյանը 44-օրյա պատերազմով է անցել, բազմաթիվ կյանքեր փրկել, ինքն էլ իր կյանքը վերաիմաստավորել:
Հասմիկ Բաբաջանյան, ՀՀ ԶՈՒ սպա - Մեր ստորաբաժանումը եղել է առաջնագծում, կատարել մի շարք առաջադրանքներ: Մեր ջանքերով հազարավոր կյանքեր ենք փրկվել:
Արմեն Սարգսյան - Հայ մայրը նաև այն բժիշկն է, որ կորոնավիրուսի ռազմաճակատում է պայքարում այսօր, և հույս ունեմ, որ չենք պարտվելու:
Երկրի անվտանգությունը բանակինն է, կյանքի անվտանգությունը՝ սպիտակ բանակինը: Նախագահը իր փորձով է հորդորում Քովիդի դեմ պայքարը չթուլացնել:
Կորոնավարակի դեմ պայքարում առողջապահության մասնագետներն արդեն մեկ տարի կորցրել են քուն դադարը: Քովիդը դեմքը հաճախ է փոխում, երբ թվում է վտանգն անցյալում է, նորից է գլուխ բարձրացնում:
Շուշանիկ Կարապետյան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի «Ավան» կլինիկայի Covid-19 բաժնի ղեկավար - Դրա համար խորհուրդ եմ տալիս բոլոր բոլորին, ով տեսել է, լսել է, առնչվել է այս չարիքին, հնարավորինս պաշտպանվեն՝ կրեն դիմակներ, և նրանք, ովքեր հակացուցումներ չունեն, անպայման պատվաստվեն:
Արմեն Սարգսյան - Բոլորիս պարտքն է, նախևառաջ՝ պետության, չմոռանալ հերոսների մասին:
Վերջում լուսանկարներ՝ նախագահականի դիմաց: