Հայ ռազմագերների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրը մինչև օրս կարգավորված չէ: Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է ամիսներ ձգվող հարցի վերաբերյալ մտահոգությունները:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց, ցավոք, մինչև օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որևէ տարակարծություն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, ցավոք, լուծված չէ և պետք է քննարկենք` ապագայի ինչպիսի տեսլական ունենք: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Վլադիմիր Պուտինի անձնական ավանդը տարածաշրջանում կայունության ապահովման գործում:
Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր գործոն է դառնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այս համատեքստում հույս ունեմ Ձեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք այսօր կքննարկենք հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտներ:
Հայ-ռուսական հարաբերությունները խոր և ռազմավարական են. Կրեմլի ղեկավարը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Մոսկվա և երկկողմ գործակցության պատրաստակամությունը: Վլադիմիր Պուտինն ընդգծել է՝ Ռուսաստանը Հայաստանի առևտրաշրջանառության ծավալով ամենամեծ գործընկերն է, խոսել է համավարակի հետևանքով նվազած առևտրաշրջանառությունից եվ հավաստիացրել՝ կվերականգնենք:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը զարգացման համար նոր հնարավորություններ ստանա: Իմ կարծիքով՝ սա չափազանց կարևոր է:
Կողմերն անդրադարձել են նաև կորոնավիրուսի հակազդման գործում երկու երկրների գործակցությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստան է գալիս «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի խմբաքանակը:
Նիկոլ Փաշինյան - Հույս ունենք ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը :
Վլադիմիր Պուտին - Գրանցումը Հայաստանում արդեն ավարտվե՞լ է:
Նիկոլ Փաշինյան - Վաղն արդեն այն կներկրվի Հայաստան, ճիշտ է` դեռևս 15 հազար դեղաքանակ, սակայն մենք ավելի քան մեկ միլիոնի կարիք ունենք: Ես հասկանում եմ, որ այսօր Ռուսաստանում ևս կա մեծ կարիք:
Վլադիմիր Պուտին - Մեզ մոտ արտադրությունն ավելանում է և խոսքը վերաբերում է բավականին մեծ խմբաքանակի: Կարծում եմ՝ կլուծենք այդ խնդիրը:
Փաշինյանը Պուտինի հետ նաև ռազմավարական ներդրումներն է քննարկել, խոսել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունների մասին: