ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ նվազեցվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թիվը, դատարանը կգործի 15 դատավորով, որից առնվազն 10-ը պետք է լինեն մասնագիտացված կոռուպցիոն հանցագործությունների, 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի գծով: Նախարարի խոսքով՝ սահմանվել են Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ քաղաքացիական դատարաններում առանձին դատավորների միջև գործերի բաշխման առանձնահատակությունները:
Բադասյանն ասաց, որ նախագծից հանվել են Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների համար բարեվարքության ուսումնասիրությունն անցնելու պարտադիր պահանջի կարգավորումները:
Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքից էլ հանվել են Հակակոռուպցիոն դատարանին կոռուպցիոն հանցագործություններով միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասության վերապահման և Վերաքննիչ քրեական դատարանի վերաբերյալ դրույթները՝ հաշվի առնելով, որ Կառավարությունն այդ առումով առաձին նախաձեռնությամբ է հանդես եկել:
Եվս մեկ փոփոխություն՝ նվազեցվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը՝ դրանք հավասարեցնելով դատավորների պաշտոնային դրույքաչափերին, միաժամանակ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար հավելումներ են սահմանվել:
Արդարադատության նախարարը նշեց, որ գլխավոր դատախազությունում ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել միայն բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք: