Սոցիալական ապահովության ոլորտի ծախսերը 503 միլիարդից 2022-ին 550 միլիարդի կհասնի, մոտ 90 տոկոսը կենսաթոշակների և նպաստների վճարումներն են։ Փոփոխությունները պայմանավորված են շահառուների ավելացումով։ Անապահով սոցիալական խմբերի «Փարոս» համակարգի չափորոշիչները արդյունավետ ու հասցեական չեն՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Մեսրոպ Առաքելյանը վստահեցնում է՝ արդեն հաջորդ տարվանից կգործի բազմազավակ ընտանիքների մասին օրենքը և ընտանիքում ըստ երեխաների թվի՝ աջակցությունը նոր կարգով կիրականացվի:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Ժողովրդագրական հատվածում են այդ փոփոխությունները, մոտ 6,5 մլրդ է նախատեսվում ավելացնել։
Ավանդների վերադարձի գումարները ևս կավելանան, քանի որ նաև սահմանամերձ համայնքների թիվն է մեծացել։ Կացարան չունեցող ընտանիքներին ժամանակավորի փոխարեն հիմնական տանիքով ապահովելու նոր ծրագիր կմեկնարկի:
Մեսրոպ Առաքելյան - 2 մլրդ դրամ ենք նախատեսում, կգնեն, որտեղ ուզում են:
Աջակցություն են նախատեսել այն գործատուների համար, որոնք աշխատանքի կընդունեն ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացածներին։ Մեսրոպ Առաքելյանը արձանագրել է, որ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքերը հիմնականում ավարտվել են: Ինչ վերաբերում է սոցցանցերի աղմուկին, թե վարկային կազմակերպությունները պատերազմում զոհվածների ընտանիքներին պարտադրում են մարել վարկերը, նախարարը նշել է՝ բանկերն արդեն 3 միլիարդի վարկ են ներել, սակայն ահազանգերի նկատմամբ իրենք հետևողական են։
Մեսրոպ Առաքելյան - Համակարգային առումով նման գլոբալ խնդիր չկա, իհարկե չեմ բացառում, որ որոշ հատվածներում թերացումներ լինելու են, մեզ նույնպես փոխանցում են: Մենք նույնպես մեր գործընկերների հետ փորձում ենք անհատական կարգավորել խնդիրը։
Պետական համակարգի աշխատողները, որոնք որպես կամավոր կամ զորակոչված մասնակցել են մարտական գործողություններին, սոցիալական երաշխիքներ կստանան։ Մինչև օրս սա կարգավորվում էր վարչապետի հանձնարարականով։ Փոփոխություններից հետո օրենքի ուժ կստանա:
Վաչե Քալաշյան (վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար) - Մասնավորապես առաջարկում ենք, որ աշխատավարձը պահպանվի և մյուս փոփոխությունով զորահավաքային զորակոչի և մարտական գործողություններին մասնակցած անձանց ժամանակահատվածը ներառել կիսամյակային պարգևատրումների աշխատաժամանակի մեջ։
2022 թվականի բյուջեի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրի ու պետական պաշտոններ և պետական ծառայությունների պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխությունների նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կմտնեն ԱԺ լիագումար նիստի օրակարգ: