Դավիթ Ալթունյան (ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Զուգահեռաբար, երկու պացիենտ կարող են թթվածին շնչել:
Թթվածնի այս սարքերը ուրիշ առավելություններ էլ ունեն՝ աշխատում են և՛ հոսանքով, և՛ մարտկոցներով: Նոր խմբաքանակը՝ 100 սարքավորում, Հայաստանին է նվիրաբերել Եվրոպական միությունը՝ գործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար) - Համավարակի առաջին օրերից Եվրոպական միությունը Հայաստանի կողքին էր: Այս դժվար շրջանում աջակցել ենք ոչ միայն առողջապահությանը, այլ նաև տնտեսության վերականգնմանը: Բայց ամենակարևորն այն է, որ համավարակի ընթացքում Հայաստանին օգնել ենք կյանքեր փրկել։
Բրյուսելը չի դադարեցնելու աջակցությունը Երևանին: Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։ Դեսպան Վիկտորինը տեղեկացրեց՝ կառավարության հետ նաև քննարկում են, թե որ ուղղություններով հետագայում պետք է աջակցության ծրագրեր իրականացվեն:
ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևն էլ շեշտում է՝ հատկապես այս օրերին, երբ աշխարհում ամեն օր ավելանում է քովիդով հիվանդների թիվը, շատ կարևոր է արագ արձագանքել առողջապահական համակարգի մարտահրավերներին:
Եգոր Զայցև (ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ) - Շատ անհրաժեշտ սարքավորումներ են Հայաստանի առողջապահական համակարգի համար. սրանք կօգնեն կյանքեր փրկելու: Գործակցության երկու ծրագիր ունենք: Առաջինը՝ առողջապահության համակարգի ուժեղացումն է: Երկրորդով էլ առաջիկայում պատվաստումների ծրագիր կսկսենք:
Այս սարքավորումները «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից» առաջիկա օրերին կտեղափոխվեն հիվանդանոցներ: Չնայած անցած տարի պետությունը որոշ խմբաքանակ գնել էր, մի մասն էլ առողջապահության համակարգին տրամադրել էին տարբեր կառույցներ, այսօր էլ դեռ կան հիվանդանոցներ, որտեղ այս սարքերի կարիքը խիստ զգացվում է:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Ներկա ստացած խմբաքանակը բաշխվելու է քովիդ հիվանդանոցներին՝ լրացնելու այն բոլոր մահճակալների կարիքը, որոնք դեռևս ապահովված չեն, ավելի լավ բուժում կտրամադրեն հիվանդներին:
Ու որ այս սարքերի կարիքը չլինի՝ առողջապահության նախարարությունը նորից հիշեցնում է՝ դիմակ կրել, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: