Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
«Սիրելի՛ հերոս հայուհիներ,
Թանկագի՛ն մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու դուստրեր,
Սովորաբար այս օրը մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու երախտագիտության անկեղծ ու ջերմ խոսքեր, մաղթում, որ լինեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ, որ խաղաղություն տիրի ձեր օջախներում և հայրենիքում։
Սակայն այսօր իրարամերժ զգացմունքները ծանրացել են մեր հոգիներում․ մի կողմից՝ անասելի ցավն ու կսկիծը, տառապանքն ու դառնությունը, որ հնարավոր չէ մեղմել ոչ մի խոսքով, իսկ մյուս կողմից՝ նոր ուժ գտնելու և վերապրելու հրամայականը, որ ծառացած է բոլորիս առջև։
Այսօր ես նախևառաջ գլուխ եմ խոնարհում բոլոր այն մայրերի, քույրերի, կանանց ու դուստրերի առջև, ում մերձավորները նահատակվել են հանուն հայրենիքի պաշտպանության, նրանց, ովքեր դեռ սպասում են իրենց հարազատներին՝ հոգու խորքում փայփայելով հույսի շողը, որ նորից կտեսնեն ու կգրկեն իրենց սիրելիներին։ Թող իրականություն դառնան ձեր նվիրական երազանքները, և թող այլևս արհավիրքները շրջանցեն ձեզ՝ ձեր կյանքի ճանապարհին։
Սիրելի՛ կանայք՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում,
Հայ կինը միշտ աչքի է ընկել իր տոկունությամբ, իմաստնությամբ, անմնացորդ ու անձնազոհ նվիրվածությամբ։ Իմ մաղթանքն է, որ ձեր տված սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու բարությունը վերադարձվեն ձեզ բազմակի անգամ։
Աստված պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին»,- ասված է ԱՀ նախագահի Ֆեյսբուքի գրառման մեջ: