Վերջին պատերազմում Երևանի 128-րդ հիմնական դպրոցը 7 զոհ է տվել, որոնցից մեկը պատերազմի խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանն է: Դեռ պատերազմի ժամանակ Արցախի նախագահի հրամանագրով հրետանավոր սերժանտը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Իսկ խրախուսանքը ծնողներին հանձնվել է այսօր, որից հետո բացվել է նրա անունը կրող ռազմագիտության դասասենյակը:
Արտակ Հովհաննիսյան (Ալբերտ Հովհաննիսյանի հայրը) - Ամեն մի սան, երբ մուտք գործի էս դասարան, ինքն արդեն ինքնին պետք ա իր վրա պարտավորվածություն վերցնի, որպեսզի շարունակի այս ուժեղ տղաների գործը: Հուշարձանը պետք ա մարմնավորի առաջին պատերազմ, քառօրյա պատերազմ և 44-օրյա պատերազմն իր հերոսներով, առաջադիմական պատկերներ կունենանք և կունենանք մյուս պատկերները, մի խոսքով՝ փորձելու ենք ամեն ինչ կազմակերպել, որ բոլորն էլ էդ հուշարձանի մեջ են:
Արսեն Կարապետյան (Երևանի 128-րդ դպրոցի զինղեկ) - Գերազանց տիրապետում էր ավտոմատին, գերազանց տիրապետում էր բոլոր հնարքներին: Ասում էր՝ ընկեր Կարապետյան, ձեր առարկան շատ եմ սիրում, բայց պատերազմ չեմ սիրում: Ասում էի՝ Ալբե՛րտ ջան, եթե ուզում ես ապրել խաղաղ, պատրաստվի՛ր պատերազմի:
Ռիտա Աթաջանյան (Ալբերտ Հովհաննիսյանի դասղեկը) - Այնպես ժպտալով էր մտնում, որ չէիր կարողանում նկատողություն անել: Երբ պատրաստվում էինք վերջին զանգի սցենարի բաժանմանը, թե ով ինչ բառեր պետք ա ասի, ինքն ընտրեց հենց այդ բառերը, որ ամենակարևորը մարդկության համար դա խաղաղությունն ա: