Կառավարությունն առաջարկում է սոցիալական երաշխիքներ նախատեսել կամավոր կամ զորահավաքային զորակոչի միջոցով մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Նախագիծը քննարկվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողություններին մասնակցած ժամանակահատվածի համար պահպանել վերոնշյալ անձանց վարձատրությունը, պարգևատրումները և այդ ժամանակահատվածում բացասական կատարողականի դեպքում նրանց նկատմամբ չկիրառել հիմնական աշխատավարձի կասեցման կամ իջեցման սանկցիաներ:
Հիմնական զեկուցողի խոսքով՝ այս երաշխիքները տարածվելու են 2020-ի սեպտեմբերի 27-ից ծագած իրավահարաբերությունների վրա: