ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և երկկողմ համագործակցության պատրաստակամությունը:
Պուտինը կարևորել է երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի ու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման գործընթացը, որը, ըստ նրա, կնպաստի Հայաստանի զարգացմանը: Ռուսաստանի նախագահը վստահեցրել է, որ երկրները կկարողանան վերականգնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով նվազած ապրանքաշրջանառության ծավալը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանը Երևանի հիմնական գործընկերն է, իսկ ռուսաստանյան ներդրումներն ամենամեծ տեսակարար կշիռն ունեն՝ 40%:
«Մեր հարաբերությունները խորն են: Դրանք ռազմավարական բնույթի են: Չեմ թվարկի բոլոր հարթակները, որտեղ մենք գործակցում ենք:
Միջկառավարական հանձնաժողովը, որը մենք ստեղծել ենք, ակտիվորեն աշխատում է: Վերջերս Ռուսաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով եղավ Հայաստանում, որի ընթացքում քննարկվեց նաև հետպատերազմյան իրավիճակը»,- ասել է ՌԴ նախագահը:
Կրեմլի ղեկավարը խոստացել է լուծել Հայաստան ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ առաքելու հարցը: Այս և այլ հարցեր քննարկվելու են Պուտին-Փաշինյան բանակցություններում: