Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններով՝ Հայաստանի երկու հանքարդյունաբերական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական
կայքից։ Երկու ընկերություններից մեկը «Նիգ մայնինգն» է, որ հետաքրքրված էր Սյունիքի մարզի Խդեբանցի ու Թաղամիրի տեղամասերից ոսկու արդյունահանմամբ, մյուսը՝ «Ալմասար» ՍՊԸ-ն, որը ռիոլիթի արդյունահանման թույլտվություն ուներ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։
«Նիգ մայնինգ». ոսկու որոնումներ՝ «Արևիք» ազգային պարկի շուրջբոլորը
«Նիգ մայնինգ»-ը հիմնվել է 2017-ին՝ Երևանում։ Մեկ տարի անց ընկերությունը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Սյունիքի մարզում գտնվող «Արևիք» ազգային պարկի մերձակայքում ոսկու պաշարների հանդեպ։ Բնապահպանության նախարարությունը 2018-ին ընկերությանը թույլ էր տվել երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել Խդեբանցի տեղամասում։ Ընդհանուր առմամբ, երկրաբանահետախուզական աշխատանքները ներառում էին 530 հեկտար մակերես՝ Շվանիձոր և Ծավ գյուղերի տարածքներում։ Վարչական վարույթը հարուցվել է հենց այս ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված։ Ըստ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների
նախարարության՝ ընկերությունը չի վճարել ռեկուլտիվացիոն գումարները՝ 2.3 միլիոն դրամի չափով։ Ռեկուլտիվացիոն վճար սահմանված է Ընդերքի օրենսգրքով՝ ընդերքօգտագործման ժամանակ խախտված հողերի վերականգնման համար։ Նախարարությունը հարուցել է վարչական վարույթներ, սակայն «Նիգ մայնինգի» կողմից այդպես էլ վճարումները չեն կատարվել։ Հիմնվելով սրա վրա՝ ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է։
«Նիգ մայնինգը» երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում նաև Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում։ Սա ևս «Արևիք» ազգային պարկի հարևանությամբ է։ Հանրային լսումներն այս տեղամասի շահագործման վերաբերյալ սակայն չէին կայացել, քանի որ մեղրեցիները դեմ էին հանդես եկել հանքի հնարավոր շահագործմանը։ Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասի շահագործման նկատմամբ հետաքրքրություններ ունի նաև «ԱՏ-մետալս» ընկերությունը, որ փոխկապակցված է Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանի ընտանիքի հետ։ Հովսեփյանն ու իր որդիները ռուս գործընկերների հետ «ԱՏ-մետալսի» սեփականատերերն են։
«Նիգ մայնինգի» միակ բաժնետերը Վարդգես Ասլանյանն է՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքից։
«Ալմասար». չարդյունահանված քարեր Լոռու մարզում
Մյուս ընդերքօգտագործողը, որի իրավունքները դադարեցվել են, «Ալմասար» ՍՊԸ-ն է։ Ընկերությունը 2013-ին ստացել էր ընդերքօգտագործման իրավունք ռիոլիտ (լիպարիտ) արդյունահանելու համար, սակայն վերջին 7 տարիներին արդյունահանում չի իրականացրել, ինչը Ընդերքի օրենսգրքի խախտում է։
Բացի այդ, «Ալմասարը» չի կատարել ռեկուլտիվացիոն վճարումներ՝ 1.1 միլիոն դրամի չափով, ու նախարարությունը որոշել է դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում «Ալմասարի» ներկայացուցիչ Արսեն Մանուկյանը տեղեկացրել է, որ ընկերությունում տեղի են ունենում նոր փոփոխություններ, Մանուկյանը դառնալու է բաժնետեր, և իրականացվելու է ներդրումային ծրագիր, մարվելու են ընկերության պարտքերը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում դեռևս բաժնետերերի փոփոխություններ չկան։ «Ալմասարի» բաժնեմասերի 80 տոկոսը պատկանում է Լիդա Մազմանյանին, իսկ 20 տոկոսը՝ Մանվել Գալաչյանին։ Նրանք Վանաձորից են։
Անցյալ տարի նախարարությունը մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցրեց։ Այդ ցանկում էին՝ «Պարամաունտ գոլդ մայնինգ», «Ֆորչն ռիզորսիս», «Մոլիբդենի աշխարհ», «Վարդանի զարթոնք», «Մարջան մայնինգ», «Մեգո գոլդ», «Վայք գոլդ» ընկերությունները։
Անցյալ տարի Սուրեն Պապիկյանի հրամանով մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող մի քանի ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվեց։ Դրանցից մեկը «Պարամաունդ գոլդ մայնինգն» էր, որն ընդերքօգտագործման իրավունք ուներ Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաձրի տեղամասի նկատմամբ։ Ընկերության խոշոր բաժնետերը՝ մոտ 49 տոկոսի չափով, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է, 29 տոկոսը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, 20 տոկոսը՝ Կենտրոնական բանկի խորհրդի նախկին անդամ, գործարար Սմբատ Նասիբյանին։ Անցյալ տարի «Պարամաունդ գոլդ մայնինգը» նախարարության վարչական ակտը վիճարկելու հարցով դիմել էր վարչական դատարան։ Հայցը, սակայն, վերադարձվել էր, իսկ նոր հայցի մասին «Դատալեքս»-ում տեղեկություններ չկան։
Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղային հանքավայրում ընդերքօգտագործման իրավունք ստացած «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի իրավունքները դադարեցվեցին 2020-ի օգոստոսին։ Ընկերությունը փոխկապակցված է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի հետ, «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ում 40 տոկոս բաժնեմաս ունի նրա որդի Սուրեն Այվազյանը։ Ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է, քանի որ սահմանված ժամկետներում ընկերությունը արդյունահանում չի իրականացրել։ ՏԿԵՆ-ի որոշումը դատական ատյաններում չի բողոքարկվել։
Անցած ամռանը դադարեցվեց նաև «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը։ Ընկերության բաժնետերերն են ռուս գործարարներ Դմիտրի Տրոիցկին ու Դմիտրի Կորժևը։ Այս ընկերության ընդերքօգտագործման իրավունքը ևս դադարեցվել էր այն պատճառով, որ արդյունահանում չէր իրականացրել։ «Մոլիբդենի աշխարհը» դատական ատյաններում բողոքարկում է այս որոշումը։
Մյուս ընդերքօգտագործման իրավունքից զրկված, սակայն դատական կարգով այն վերականգնած ընկերությունը «Ֆորչն ռիզորսիս» ՍՊԸ-ն է, որը իրավունք ուներ շահագործելու Հրազդանի երկաթի հանքը։ Ընկերության 28 տոկոսը պատկանում է Վարդան Այվազյանի որդուն, իսկ մնացած 72 տոկոսը՝ Վիրջինյան կղզիներում գրանցված «Քասփիան բաունթի սթիլ լիմիթիդ» ընկերությանը։
Վարչական դատարանը որոշել է վերացնել նախարարության որոշումը ու վերականգնել «Ֆորչն ռիզորսիսի» ընդերքօգտագործման իրավունքը։