Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու պաշտպանների միջնորդության վերաբերյալ դատական ակտը:
Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ Քոչարյանի նկատմամբ կիրառված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու պաշտպանների միջնորդությունը մերժվեց:
Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց հանցագործության դեպքի բացակայության հիմքով, վերացվեց կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը և գույքի նկատմամբ կիրառված գրավը:
Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց հանցագործության դեպքի բացակայության հիմքով, վերացվեց նաև նրա նկատմամբ կիրառված և նրա ֆինանսական միջոցների վրա դրված գրավը:
Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը նույնպես դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Դատարանը որոշեց կարճել նրանց նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով հարուցված քրեական գործի վարույթը:
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մյուս մեղադրանքների մասով, մասնավորապես՝ Քոչարյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և Գևորգյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքների մասով, քրեական գործի վարույթը շարունակել:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին: