Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական տվող կենտրոնի գործունեությունը վերանայելու, փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա: Օրենսդրական բացի պատճառով ապօրինի կամ ինքնակամ բազմաթիվ կառույցներ չեն օրինականացվում՝ հավաստիացնում է Շրջակա միջավայրի նախարարը: Ձևավորվել է աշխատանքային խումբ՝ օրենքի փոփոխման համար: Առկա կարգավորմամբ գործում է երկու տեսակի ՇՄԱԳ փորձաքննություն՝ կառուցապատման և բուն գործունեության փուլերի համար: Սակայն երբեմն, օրենքի խախտմամբ, կառուցապատումն իրականացվում է առանց ՇՄԱԳ դրական եզրակացության, և բուն գործունեության իրականացումը դառնում է անհնար:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Արդյունքում ունենում ենք կարևոր օղակի բաց, երբ փաստացի օբյեկտը կանգնած է, ժամանակին ՇՄԱԳ չի արվել, օրինականացման փաստաթղթերի մեջ կարևոր է ՇՄԱԳ դրական եզրակացությունը:
Փորձաքննության ժամկետը ևս խնդիր է; Եզրակացությունը պետք է տրվի 60 օրվա ընթացքում: Շատ դեպքերում անհրաժեշտություն է լինում ավելացնել ևս 30 օր, բարդ հայտերի դեպքում ևս 10 օր: Ստացվում է 100 օր մեկ հայտի համար: Նախարարն ասում է՝ նոր նախագծով շրջակա միջավայրի վրա տվյալ գործունեության ազդեցության գնահատականը առավելագույնը 50 օրում պետք է տրվի: Մեկ այլ խնդիր է փորձագետների ցածր աշխատավարձը:
Ռոմանոս Պետրոսյան - Փորձագետի միջին աշխատավարձը 180-200 հազար դրամ է, և շատ դեպքերում մի քանի միլիոն դրամի փորձաքննությունը լուրջ չէ վստահել ցածր որակավորում ունեցող մասնագետին:
Տարվա առաջին եռամսյակում Շրջակա միջավայրի նախարարության փորձագիտական կենտրոնը 85 հայտ է ստացել: Նախորդ տարվանից մնացած՝ 136 փորձաքննության գնահատականը ևս պետք է այս տարի տալ: Հայտերը շատ են, փորձագետները՝ 7-ը: Շատ դեպքերում փաստաթղթերը թերի են, պահանջներին անհամապատասխան: Փորձագետների իրավասության շրջանակը նեղ է:
Հերիքնազ Մկրտչյան (ՇՄԱԳ կենտրոնի գլխավոր մասնագետ) - Մենք չենք մասնակցում փորձաքննական գործընթացին, տեղանքի զննմանը կամ ուսումնասիրությանը, քանի որ օրենքով այդ գործառույթը սահմանված չէ:
Նոր նախագծով կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ. սկսած հայտի ընդունումից մինչև փորձագետների հետ շփումը կլինի օնլայն հարթակում՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար: Մայիսին միջազգային խորհրդատուներ կգան Հայաստան՝ նախագծի փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնելու համար: Արդեն հունիսին օրենքի նախագիծը վերջնական տարբերակով կդրվի հանրային քննարկման, հետո կմտնի խորհրդարան: