РИА Новости-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով վերջերս իր դեմ կազմակերպվող բողոքի ցույցերի մասին հարցին, ասել է, որ հունիսի 20-ին նախանշված խորհրդարանի արտահերթ ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:
«Քարոզարշավն ու ընտրությունները ցույց կտան ամբողջ պատկերը, թե քաղաքական ո՞ր ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մեր ժողովրդի հետ մշտապես շփման մեջ ենք և լիովին գիտակցում ենք նրա խնդիրները, կարիքներն ու ցանկությունները»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
«Մենք հանրությանը կներկայացնենք այնպիսի ծրագրեր, որոնք կուղղվեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանն ու բարեկեցության ապահովմանը: Վստահ եմ, որ մեր հանրությունը կկարողանա ձևավորել լեգիտիմ իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփման ժամանակ կներկայացնենք առաջիկա տարիների մեր ծրագրերն ու նպատակները»,- հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը: