ՀՀ վարչական դատարանը մերժել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Դատավոր Դանիել Դանիելյանն արձանագրել է, որ հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից հայցի ապահովման մասին միջնորդությունում բերված փաստարկները վերաբերում են ոչ թե հարուցված հայցով ապագա վճռի կատարման անհնարինությունը կամ դժվարացնելը չեզոքացնելուն, այլ պատասխանողների կողմից իր իրավունքները խախտելուն:
Նշենք՝ Տիրան Խաչատրյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ խնդրելով անվավեր ճանաչել 26.02.2021 թ. և 15.03.2021 թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամանները, պարտավորեցնել պատասխանողին՝ ընդունելու բարենպաստ վարչական ակտ և Տիրան Խաչատրյանին վերականգնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ որպես ածանցյալ պահանջ՝ վերացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 19.03.2021 թ. ընդունված թիվ 830-Ա հրամանը՝ ներառելով Տիրան Խաչատրյանին ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել բոլոր տեսակի բավարարումները: Տիրան Խաչատրյանը խնդրել էր կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես բավարարել պահանջները: